Պլանային կամ շտապ կեսարյան հատումով երեխայի ծնունդը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա ուղեղի վրա, պարզել են կանադացի հետազոտողները Յորքի համալսարանից։ Ծննդաբերության նման եղանակն առնվազն ազդում է երեխայի կենտրոնանալու կարողության վրա։

Հայտնի է, որ երեխայի կոգնիտիվ գործառույթների վրա ազդում են այնպիսի  գործոններ, ինչպիսին է ծնվելիս երեխայի քաշը եւ մոր  տարիքը։ Բայց գիտությանը մինչեւ վերջերս  քիչ բան էր հայտնի այն մասին, թե ծննդաբերության այս կամ այն  եղանակն ինչպես է ազդում երեխայի մտավոր կարողությունների եւ նրա ուղեղի զարգացման վրա ընդհանրապես։ Հենց դա էլ պարզել են կանադացի գիտնականները։

Նրանք համեմատել են բնական եղանակով եւ կեսարյան հատումով ծնված երեխաների տարածական ուշադրությունը։ Պարզվել է, որ կեսարյան հատումը դանդաղեցնում է երեխայի տարածական ուշադրությունը, որի դերն այն է, որ երեխաները կարողանան գերակայություններ հաստատել եւ կենտրոնանան որեւէ առանձին առարկայի վրա։

Հետազոտողները երկու փորձարկում են անցկացրել երեքամսական երեխաների տարբեր խմբերի հետ։ Նրանք ուշադիր հետեւում էին երեխաների աչքերի շարժմանը, որովհետեւ դա երեխայի ուշադրության ցուցիչն է։ Աչքերը չեն ուղղվի դեպի այն առարկան, որը չի գրավում նրանց ուշադրությունը։ Հետեւաբար, աչքերի ենթագիտակցական շարժումը կարող է վկայել կենտրոնացման  գործընթացի մեջ ներգրավված մեխանիզմների խախտման մասին։ Փորձարկումը ցույց է տվել, որ այն երեխաների մոտ, որոնք աշխարհ են եկել կեսարյան հատման հետեւանքով, կենտրոնացման գործընթացը մի քիչ դանդաղել է։