Վերջին ամիսների ընթացքում բնակչության շրջանում ակտիվացել են աղիքային վարակները: Դրանց արձանագրման համար այսօր առկա են բոլոր նպաստավոր պայմանները`  աղիքային վարակների ամառային սեզոնայնություն՝ հատկապես վերջին օրերին օդի բարձր ջերմաստիճանի առկայություն,  ինչպես նաեւ՝ սննդային եւ ջրային գործոններ:

Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ հիշեցնում եւ հորդորում է՝

- խուսափել կրեմային հրուշակեղեն, ինչպես նաեւ թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,

- սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող,  մաքուր ջրով լվանալուց հետո,

- սննդամթերքը եւ պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

- գնումենր կատարելիս ընտրել թարմ, ոչ փչացած եւ ոչ ժամկետանց սննդամթերք,

- չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արեւի ճառագայթների եւ մթնոլորտային տեղումների, ինչպես նաեւ փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիքներ, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ եւ այլն,

- բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի  օգտագործումը,

- սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ ամաններում եւ սառնարանում,

- հում սննդամթերքն առանձնացնել եփածից,

- խստորեն հետեւել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

- չգնել պատահական վայրերից պահածոներ, սունկ, 

- եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

- խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում  խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից, 

- խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել եւ՛ ՀՀ առողջապահության նախարարություն, եւ՛  տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

- երեխաներին արգելել լողալ դեկորատիվ ջրավազաններում:

Հիշեցնենք, որ աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաեւ ջերմության բարձրացմամբ։

Առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց եւ անմիջապես դիմել բժշկական օգնության։