Այս տարի Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (փետրվարի 4-ը) նշվել է «Մերկացնենք սուտը» նշանաբանի ներքո, որը վերաբերում է քաղցկեղի մասին շրջանառող առասպելներին ու ապատեղեկատվությանը, որոնց պատճառով նվազում է բուժման արդյունավետությունը, ինչն էլ խոչընդոտում է կանխարգելումը:
Օրվա նպատակն է բարձրաձայնել քաղցկեղի դեմ պայքարում առկա խնդիրները եւ հասարակության, քաղաքական գործիչների եւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել քաղցկեղի կանխարգելման եւ բուժման արդյունավետության բարձրացման կարեւորության վրա:
Թերեւս կարեւոր է արմատախիլ անել քաղցկեղի անկանխելիության եւ անբուժելիության վերաբերյալ համընդհանուր տեսակետը: Յուրաքանչյուրս, որպես մեր առողջության եւ դրա պահպանման համար պատասխանատու, պետք է գիտակցենք առողջ ապրելակերպի ու վատ սովորույթների բացառման անհրաժեշտությունը: Քաղցկեղի զարգացման դեպքում հատկապես կարեւոր է ծխախոտի օգտագործումից խուսափելը, ինչպես նաեւ մեր օրգանիզմի կողմից ահազանգերի ձեւով մեզ հասնող ախտանշանների դեպքում հնարավորինս վաղ բժշկի դիմելու գիտակցումը: Այս դեպքում հիվանդության վաղ հայտնաբերումը բուժման արդյունավետության գրավականն է:
Հիվանդությունների դեմ պայքարի մեթոդներն ամեն տարի կատարելագործվում են, եւ բժշկագիտության զարգացումը կարող է իրականություն դարձնել ամենաանհավանական թվացող բուժման մեթոդները, մինչ այդ խորհուրդ ենք տալիս չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները եւ վարել առողջ ու ակտիվ կենսակերպ:






