Հյուսիսային Կարոլինայից մի փոքրիկ ընկերություն այս ամիս գուցե կարողանա անել այն, ինչ առայժմ չի հաջողվել դեղագործական հսկաներին: Ակնկալվում է, որ օգոստոսի 18-ին պաշտոնական թույլտվություն կստացվի առաջին դեղի արտադրության համար, որը մեծացնում է կանանց սեռական հակումը:
Sprout Pharmaceuticals ֆիրման հիմնադրվել է Ուայթհեդ ամուսինների կողմից: Ֆիրման դեղագործական բիզնեսում այլեւս նորելուկ չէ եւ նույնիսկ թողարկել է մարդու սեռական կյանքն ակտիվացնող դեղեր: Այս ամուսնական զույգի նախորդ ընկերությունը` Slate Pharmaceuticals-ը թեսթոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդկանց համար թեսթոստերոնի ներդրվող գնդիկներ էր վաճառում:
Բայց դրանց վաճառքի հաջողությունը լրջորեն տուժեց ԱՄՆ-ի կարգավորող խիստ օրենքների պատճառով, որոնք արգելում են գովազդում օգտագործել կլինիկական փորձարկումների ժամանակ չհաստատված պնդումներ թեսթոստերոնային բուժման մասին, ինչպես նաեւ լռության մատնել դրա վտանգները: ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության վարչությունը (FDA) անցյալ տարի հատուկ խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված էր թեսթոստերոնային բուժմանը, որի ընթացքում Slate Pharmaceuticals-ի գործունությունը բերվել է որպես անբարեխիղճ գովազդի օրինակ:
Եվ այժմ ահա Ուայթհեդ ամուսինները պատրաստվում են թողարկել «կանացի վիագրա », որի մշակմամբ դեղագործական հսկաները զբաղվում են 1990-ականների վերջերից:
Հունիսին նոր դեղն արդեն հավանության է արժանացել FDA-ի փորձագետների մեծամասնության կողմից, վերջնական որոշումը պիտի ընդունվի օգոստոսի 18-ին: Ինչպես պնդում են դրա արտադրողները, Addyi դեղամիջոցը արդյունավետ կերպով մեծացնում է կանացի լիբիդոն:
Գերմանական Boehringer Ingelheim ընկերությունը դեռեւս մի քանի տարի առաջ ստեղծել էր նման դեղամիջոց, բայց 2010-ին այն հավանության չէր արժանացել FDA-ի կողմից: Դրանից հետո այն գնեցին Ուայթհեդները, որոնք հանուն գործարքի վաճառեցին իրենց ամբողջ թեսթոստերոնային բիզնեսը:






