Ռուսաստանում` Թաթարստանում մեկ ու կես տարեկան երեխայի կյանքը փրկելու համար բարդ վիրահատություն է իրականացվել, որից հետո երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Բժիշկների մոտ երեխան հայտնվել է այն բանից հետո, երբ կուլ է տվել մագնիսական խաղալիքի դետալները:
Երեք ժամ շարունակ վիրաբույժները վիրահատել են փոքրիկ հիվանդին: Արդյունքում նրանք կարողացել են երեխայի աղիքներից հանել նրա կուլ տված վեց մագնիսական գնդիկները: Երեխայի վիճակը դեռեւս ծանր է, բայց բժիշկների խոսքով, դանդաղորեն բարելավվում է:
Մասնագետները ծնողներին թախանձագին խնդրում են հրաժարվել երեխաների համար այնպիսի խաղալիքներ գնելուց, որոնք կազմված են իրար մագնիսականորեն ձգող մասերից` մագնիսական գնդիկներից, խորանարդներից, շղթաներից եւ այլն: Կուլ գնալու դեպքում նման դետալները կարող են մանկական օրգանիզմին այնպիսի վնաս հասցնել, որի ծանրությունը համաչափելի չէ կուլ գնացած դետալիկի չափերին:
Բժիշկներն ընդգծում են, որ մագնիսական խաղալիքները վտանգավոր են ցանկացած տարիքի երեխայի համար: Մագնիսական այդ դետալները օրգանիզմից հանելու վիրահատությունը կարող է ավարտվել երեխայի աղիքների կեսի հեռացմամբ:






