Առողջապահական պետական տեսչության կողմից հուլիսի 7-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում պարզվել է, որ «Վագա Ֆարմ» ՍՊԸ-ն, խախտելով ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմամբ հաստատված գործող կարգը, ԵԱՏՄ տարածքից` Ռուսաստանի Դաշնության «Բուկաեւ.ռու» ՍՊԸ-ից 2015թ. մայիսի 27-ին ՀՀ տարածք է ներմուծել մեծածախ քանակներով շուրջ 40 անվանում տարբեր դեղեր։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համաձայն հաղորդագրության, ընկերությունը նախարարությունից սահմանված կարգով չի ստացել համապատասխանության հավաստագիր (ազատ շրջանառության համար թույլտվություն):
Պարզվել է նաեւ, որ ներկրված դեղերից «Էնտերոլ» 250մգ դեղապատիճ N10, (սերիա թիվ 1487, 1507)-ը գրանցված չէ ՀՀ-ում, բացակայում է ՀՀ տարածք դեղերի օրինական ներմուծված սերիաների ցանկից եւ փաթեթը չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված տարբերակին:
ՀՀ-ում չգրանցված դեղ ներմուծելու, պահպանելու եւ իրացնելու համար «Վագա Ֆարմ» ՍՊԸ տնօրենը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 473-րդ հոդվածի 3-րդ մասով ենթարկել է վարչական տույժի:
Տեսչության կողմից «Վագա Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրվել է նաեւ կարգադրագիր՝ ապօրինի ներկրված դեղերի մանրա-մեծածախ իրացումը անհապաղ դադարեցնելու, արդեն իրացված չգրանցված դեղերի հետ կանչ իրականացնելու, դրանք ոչնչացնելու կամ հետ արտահանելու, ներմուծման ժամանակ փորձաքննություն չանցած ներկրված դեղերը սահմանված կարգով ՀՀ ԱՆ փորձաքննության ներկայացնելու, խախտումները վերացնելու եւ իրավական ակտերի պահանջները մշտապես կատարելու համար:
Միջոցառումներ են իրականացվում նմանատիպ այլ ներմուծումները բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանված պահանջի համաձայն՝ դեղատները եւ դեղատնային կրպակներն իրավունք ունեն ձեռք բերել եւ վաճառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։






