Սաուդյան Արաբիայում մահացության եւս մեկ դեպք է արձանագրվել, որի պատճառը մերձավորարեւելյան շնչառական համախտանիշն է`MERS-CoV-ը: Այդ մասին իր պաշտոնական կայքում հաղորդել է թագավորության Առողջապահության նախարարությունը: 

Նախարարության տվյալների համաձայն, կորոնավիրուսից մահացողը 71-ամյա մի տղամարդ է, որն ապրում էր պետության մայրաքաղաք Էր-Ռիյադում: Բացի այդ, Էր-Ռիյադում վերոհիշյալ հարուցիչով վարակման եւս ինը նոր դեպք է արձանագրվել:  Նախարարության վիճակագրության համաձայն, 2012 թվից ի վեր, Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով հիվանդացել է 1115 մարդ, որոնցից 480-ը մահացել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսը  (БВРС-КоВ/MERS), որը 2012-ի սեպտեմբերին ի հայտ էր եկել Սաուդյան Արաբիայում, տարածվել է Պարսից ծոցի երկրներում, Հարավային Կորեայում, Թաիլանդում եւ մի շարք այլ պետություններում: 

Մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսը վաղ փուլերում առանձնահատուկ ախտանիշներ չունի: Հիվանդացման առավելագույն վտանգը սպառնում է թույլ իմունիտետ, թոքերի խրոնիկական հիվանդություն եւ երիկամային անբավարարություն ունեցողներին: Վարակի դեմ պատվաստանյութ չի ստեղծվել: