Շոգը սիրտ-անոթային հիվանդությունների սրացման պատճառ կարող է հանդիսանալ, հետեւաբար այս հիվանդությունն ունեցողները, հատկապես ամռան ամիսներին, պետք է գտնվեն բժիշկների խիստ հսկողության տակ:Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

«Սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ, հեղուկի մեծ կորստի հաշվին փոքրանում է արյան հունի մեջ օրգանիզմում շրջանառվող արյան ծավալը եւ դրա հաշվին արյունը խտանում է, մեծանում է տրոմբոզների հավանակաբությունը, իսկ քանի որ սիրտ-անոթային հիվանդությամբ անձանց մոտ առանց այն էլ խցանումների ռիսկը մեծ է, ապա, բնականաբար, շոգը նրանց համար ավելի անբարենպաստ գործոն է, քան առողջ մարդկանց համար, եւ դա կարող է հանգեցնել այլ խնդիրների»,-ասաց Համլետ Հայրապետյանը:

Բժիշկը նշեց, որ  շոգ եղանակին քրտնարտադրության պատճառով մենք կորցնում ենք ավելի քան 4-5 լիտր հեղուկ, ուստի խորհուրդ է տրվում համապատասխան հեղուկներ օգտագործել՝ 3-ից 5 լիտր, իսկ սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ էլ պետք է ավելացնել հեղուկի քանակը, չափը համաձայնեցնելով բուժող բժշկի հետ:

 «Շոգը հանդիսանում է մեծ սթրես մարդու օրգանիզմի համար: 30 աստիճանից բարձր եղանակին օրգանիզմը միացնում է իր հարմարվողական մեխանիզմները, ադապտացվելու շոգին, եւ արդյունքում մենք կորցնում ենք մեծ քանակությամբ հեղուկ մեր օրգանիզմից:Բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ: Իսկ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է չափը համաձայնաեցնեն իրենց բուժող բժշկի հետ »,- հավելեց սրտաբանը: