Ռուսաստանում դատական գործ է հարուցվել Նոր Ուրենգոյի բնակչի դեմ, որն իր ընկնավոր ընկերոջն ինքնուրույն բուժօգնություն է հասցրել վերջինիս ջղակծկումների նոպայի ժամանակ եւ անզգուշորեն սպանել է:
26-ամյա տղամարդը հյուր էր գնացել, երբ 48-ամյա տանտիրոջ մոտ ընկնավորության նոպա է սկսվել: Շտապօգնություն կանչելու փոխարեն, նա փորձել է բացել վերջինիս բերանը: Նախ փորձել է գդալ օգտագործել, որը ծռվել է, հետո դանակ է կիրառել` անզգուշորեն վնասելով ընկերոջ լեզուն: Բացի դրանից, երիտասարդը կտրել է ընկերոջ կոկորդը, որպեսզի վերջինս կարողանա շնչել:
Տղամարդը վնասվածքներից տեղում մահացել է, հաղորդում է Ռուսաստանի ՔԿ-ի Յամալո-Նենեցական ինքնավար մարզի քննչական վարչության մամլո ծառայությունը: Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անզգուշորեն մահվան պատճառ դառնալու մեղադրանքով (ՌԴ ՔՕ հոդված 109):
Քննչական մարմիններում աղբյուրի տվյալներով պարզվել է, որ հյուրը բուժական սերիալների սիրահար է:






