Կանադական Valeant Pharmaceuticals դեղագործական ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Sprout Pharmaceuticals ընկերությունը գնելու մասին: Sprout Pharmaceuticals-ը աշխարհի առաջին կանացի վիագրա արտադրողն է: Պայմանագրի գումարը կկազմի մեկ միլլիարդ դոլար: Այս մասին ասված է մամուլի հաղորդագրության մեջ, որը տեղակայված է Valeant-ի կայքում:

Վճարումը կկատարվի երկու մասնաբաժնով: Բացի դրանից ընկերությունը պարտավոր է Sprout-ի սեփականատերերին վճարել եկամուտի իրենց մասնաբաժինը: Կանացի վիագրայի վաճառքը պետք է սկսվի սույն թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներից:

Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկողության դաշնային վարչության` FDA-ի փորձագիտական խորհուրդը վերջնական հավանություն է տվել կանացի լիբիդոն բարձրացնելու համար նախատեսված առաջին դեղամիջոցի՝ Addyi-ի գործածմանը:

Addyi-ն, որի գործող նյութը ֆլիբանսերինն է, ստեղծվել է գերմանական Boehringer Ingelheim ընկերության կողմից, որպես հակադեպրեսանտ, բայց երբ 2010 թ. FDA-ը   մերժել է դեղամիջոցը, դրա արտադրությունը վաճառվել է ամերիկյան Sprout փոքրիկ դեղագործական ընկերությանը: