Տևական ժամանակ արձակուրդ չգնալը կարող է հոգեբանական և ֆիզիկական մի շարք խնդիրների հանգեցնել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Սոնա Հարությունյանը:

«Տևական ժամանակ հանգստի չկազմակերպումը իմացական, հուզական և ֆիզիկական ոլորտներում հանգեցնում է որոշակի խնդիրների: Իմացական ոլորտում տեղի է ունենում հիշողության հետ խնդիրներ, հուզական ոլորտում նկատվում է նյարդայնություն , անտարբերություն, ճնշվածություն, կոնֆլիկտայնություն,  իսկ ավելի երկար չհանգստանալու հետևանքով ֆիզիկական ոլորտում առաջ են գալիս  մարմնական գանգատներ՝ գլխացավեր, տարբեր ցավային համախտանիշեր»,– ասաց հոգեբանը։

Հետարձակուրդային սթրեսներից խուսափելու համար հոգեբանը մի քանի պրակտիկ խորհուրդ տվեց։

 «Նախընտրելի է արձակուրդից վերադառնալ ոչ թե երկուշաբթի, այլ շաբաթվա կեսից. աշխատանքային շաբաթի կրճատման դեպքում ավելի հեշտ կդառնա ադապտացիան։ Գիտականորեն ապացուցված է, որ օպտիմալ տևականությունը հանգստի երկու շաբաթն է, նորմալը 3-ը, և եթե ավելին է լինում արձակուրդի տևականությունը, բնականաբար, աշխատանքի ադապտացիան ևս երկարատև ժամանակ է պահանջում»,- ասաց նա:

Սոնա Հարությունյանը նշեց նաև, որ հետարձակուրդային ադապտացիայի մասին առաջին անգամ նշել են գերմանացի գիտնականները  1920թ.` նկատելով, որ արձակուրդից վերադառնալուց հետո  աշխատողների մոտ նվազում է մտավոր աշխատանքի ունակությունը։