Սաուդյան Արաբիայում արձանագրվել է մերձավորարեւելյան շնչառական ախտանիշի (MERS-CoV) կորոնավիրուսով հիվանդացության յոթ նոր դեպք, հիվանդներից մեկը մահացել է: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է թագավորության առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է մի 86-ամյա տարեց մարդ, ով բնակվում էր պետության մայրաքաղաք Էր Ռիյադում: Երկու օր առաջ հիվանդության զոհ էր դարձել Էր Ռիյադի եւս մեկ տարեց բնակիչ: Ըստ Սաուդյան Արաբիայի վիճակագրության՝ 2012 թ. մինչեւ հիմա Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով հիվանդացել է 1122 մարդ, ընդ որում նրանցից 481-ը մահացել է: Մերձավորարեւելյան շնչառական ախտանիշի կորոնավիրուսը, որը ծնվել է Սաուդյան Արաբիայում՝ 2012 թ սեպտեմբերին, տարածվել է նաեւ Պարսից ծոցի երկրներում, Հարավային Կորեայում, Թայլանդում ու մի շարք այլ պետություններում: Մերձավորարեւելյան շնչառական ախտանիշի կորոնավիրուսը վաղ փուլերում առանձնահատուկ ախտանիշներ չունի: Հիվանդության նկատմամբ առավել խոցելի են թուլացած իմունիտետով, թոքերի հիվանդությունով, շաքարախտով, երիկամային անբավարարությամբ տառապող մարդիկ: Այս վիրուսի դեմ պատվաստանյութեր գոյություն չունեն:






