Վատ հիգիենան խնդիր է գրեթե բոլոր կոնտակտային լինզա կրողների համար: Ամերիկյան գիտնականների հավաստմամբ, դա մեծ վտանգի է ենթարկում նրանց տեսողությունը:

Եթե դուք կանոնավոր կոնտակտային լինզա եք կրում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ կգնաք քնելու առանց դրանք հանելու կամ պարբերաբար կմոռանաք ախտահանման անհրաժեշտության մասին: Օրինակ՝ կոնտակտային լինզա կրող 41 միլիոն ամերիկացիներից գրեթե յուրաքանչյուրը խախտում է դրանց վերաբերող հիգիենայի խիստ կանոնները: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնի փորձագետները:

Կոնտակտային լինզա կրողների 50%-ը գնում է քնելու՝ առանց դրանք հանելու, իսկ 82.3%-ը խախտում է լինզա կրելու թույլատրելի ժամկետը՝ մոռանալով նաեւ անհրաժեշտ ախտահանման մասին: Չնայած կոնտակտային լինզայով քնելը մեծ խախտում չի թվում, բայց դրա հետեւանքով կարող են զարգանալ աչքի ծանր վարակներ ու նույնիսկ կուրություն:

Կանոնավորապես կոնտակտային լինզա կրողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 99%-ը ռիսկի խմբում է, քանի որ ոչ պատշաճ հիգիենայի պատճառով նրանց մոտ կարող է զարգանալ աչքի լուրջ վարակ:

Կենտրոնի փորձագետները հիշեցնում են, որ կոնտակտային լինզա կրողները պետք է դրանք հեռու պահեն ցանկացած հեղուկից՝ բացի լինզաների համար նախատեսված հատուկ հեղուկից: Ի դեպ, այդ ախտահանիչ հեղուկները պետք է փոխել ամեն օր, իսկ դրանց սրվակի պարունակությունը՝ երեք ամիսը մեկ անգամ: