Վիտիլիգոյով տառապող աջիկը ձեռքին դաջվածք է արել՝ սա կոչվում է վիտիլիգո գրությամբ: Վիտիլիգոն մի հիվանդություն է, որի ժամանակ մելանինի անբավարարությունից մաշկի վրա հայտնվում են բաց գույնի բծեր: Այդ դաջվածքի միջոցով աղջիկը հույս ունի բացատրել մարդկանց, թե ինչով է պայմանավորված իր յուրօրինակ տեսքը:
Տարիներ շարունակ Թիֆֆանի Պոստերարոն իր մաշկը թաքցնում էր հագուստի եւ շպարի հաստ շերտի տակ: Մաշկի լուսավոր բծերը անընդհատ ուշադրություն էին գրավում՝ դպրոցում նրան անվանում էին «կով», «դալմատինեց», ու նույնիսկ «այրվածքների զոհ», իսկ տղաները երբեք նրան ժամադրության չէին կանչում: Այս ամենը բացասաբար է անդրադարձել նրա ինքնագնահատականի վրա ու ստիպել է, որ նա ամեն կերպ թաքցնի իր հիվանդությունը: Լողափ ու լողավազաններ նա նույնպես դադարել է գնալ, որպեսզի ցույց չտա մաշկը ու չզգա իրեն զննող հայացքները:
Ամեն ինչ փոխվել է, երբ Տիֆանին տեսել է ամերիկյան մոդել Վիննի Հարլոուին, ով նույնպես վիտիլիգո է ունեցել, բայց չի ամաչել ցույց տալ իր մաշկը, ինչի շնորհիվ նաեւ շատ հայտնի է դարձել: Իսկ հետագայում խանութում նա հանդիպել է մի կնոջ, ով նույնպես մաշկի վրա բաց գույնի բծեր ուներ: Նա անմիջապես մոտեցել է այդ կնոջն ու ասել, որ ինքն էլ վիտիլիգո ունի: Կինը նրան պատմել է ցանցում աջակցության տարբեր խմբերի առկայության մասին ՝ որոնց գոյության մասին Թիֆանին նույնիսկ չէր էլ կռահում:
Հենց այդ ժամանակ էլ Թիֆֆանին որոշել է ձեռքին դաջվածք անել ՝ «Սա կոչվում է վիտիլիգո» գրությամբ: Հիմա մարդիկ հետաքրքրությամբ կարդում են այդ գրությունը ու սկսում նրան հաւցուփորձ անել այդ հիվանդության մասին: Եվ այսպես աղջիկն իրեն մեկուսացած չի զգում, իսկ մարդիկ էլ տեղեկություններ են ստանում այս ՝ ոչ այնքան հազվադեպ հիվանդության մասին, որը հանդիպում է հարյուրից մեկի մոտ:






