Ինչո՞վ են վտանգավոր թունավորումները: Ինչո՞ւ են թունավորման դեպքում խորհուրդ տալիս դիմել բժշկի: Այս հարցերի պատասխանները օգնել է ստանալ դիետոլոգ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Պարզվում է,  որ թունավորումների ամենալուրջ վտանգներից մեկը օրգանիզմի ջրազրկումն է: Եթե թունավորման հետեւանքով մարդու մոտ լուծ եւ  սրտխառնոց է սկսվում, նրա օրգանիզմը շատ արագ ջրազրկվում է, ինչը կարող է լուրջ հետեւանքների կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

Ըստ մասնագետի՝  հենց ջրազրկման վտանգի պատճառով են թունավորումների ժամանակ խորհուրդ տալիս բոլոր հնարավոր ճանապարհներով լրացնել օրգանիզմում ջրի պակասը: Շատ մասնագետներ տարբերակում են ջրազրկման երեք փուլ ՝ առաջին, երկրորդ ու երրորդ: Առաջին երկու փուլերում կարելի է փորձել տնային պայմաններում լրացնել հեղուկի պակասը՝ այսինքն հիվանդին անընդհատ հեղուկ տալ: Եթե նա սրտխառնոց ունի ու դժվարանում է խմել, կարելի է նրան ջուրն առաջարկել փոքր մասնաբաժիններով ՝ մեկական գդալ յուրաքանչչյուր 2-3 րոպեն մեկ: Ընդ որում ջուրը պետք է լինի եռացրած ու սառեցրած, որպեսզի նոր վտանգներ չստեղծի առանց այդ էլ թուլացած օրգանիզմի համար:

Ի դեպ, թունավորված եւ ջրազրկված մարդկանց թեյ տալը ցանկալի չէ, քանի որ թեյը միզամուղ հատկություն ունի ՝ այն դուրս է բերում ջուրն օրգանիզմից: Նույնիսկ բացարձակապես առողջ մարդուն մեկ բաժակ թեյ կամ սուրճ խմելուց հետո խորհուրդ են տալիս խմել երկու բաժակ ջուր, քանի որ հենց այդքան հեղուկ են այդ ըմպելիքները դուրս բերում օրգանիզմից: Կոմպոտներ ու հյութեր խմելը նույնպես  ցանկալի չէ:

Ջրազրկման երրորդ ՝ ամենածանր փուլում, արդեն շատ լուրջ վտանգներ են առաջանում առողջության ու կյանքի համար, դրա համար էլ ցանկալի է հնարավորինս արագ դիմել բուժարան, որտեղ կօգտագործեն նաեւ այլ մեթոդներ ՝ օրգանիզմում ջրի պաշարը վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ թունավորվել կարելի է ցանկացած մթերքով, եւ ոչ միայն նրանցով որոնք վտանգավոր կամ փչացած են թվում: