Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ հսկայական ներուժ ունեն, սակայն նրանց պետք է հնարավորություն տալ իրենց դրսեւորելու եւ ներուժը իրացնելու համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Փյունիկ ծրագրի ղեկավար Ռուզան Սարգսյանը:

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ, անցյալի համեմատ, Հայաստանում բավականին մեծ է աշխատանք ունեցող հաշմանդամների թիվը. Շատերը ԱԻՆ-ում են աշխատում, ուրիշները` բանկերում, բջջային օպերատորական  եւ այլ մասնավոր ընկերություններում: Շատ կարեւոր է նաեւ այն, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող շատ մարդիկ երկրի շրջւաններում եւս  աշխատում են, սակայն մայրաքաղաքի մարդիկ ամեն դեպքում ավելի ակտիվ են եւ ավելի են տեղեկացված իրենց իրավունքների մասին:

Չնայած այս ամենին, հասարակության մեջ, Ռուզան Սարգսյանի խոսքով, դեռ տարածված է այն կարծիքը, թե հաշմանդամություն ունեցող մարդը ոչինչ չի կարող անել: Դրա համար էլ հասարակական կազմակերպությունների հիմնական նպատակն է փոխել այդ կարծրատիպերը եւ նորերը տարածել. սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդը շատ բան կարող է անել:

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք աշխատում են տարբեր կազմակերպություններում, միշտ ջանում են իրենց բնավորության լավագույն գծերն ի ցույց դնել , եւ նրանց գործատուները շատ գոհ են վերջիններիս աշխատանքից: Այդ մարդիկ մեծ պատասխանատվությամբ եւ լրջությամբ են  մոտենում իրենց գործին, ինչի շնորհիվ որոշները նույնիսկ տարվա լավագույն աշխատողի կոչում են ստանում »,-պատմել է Սարգսյանը:

Այդ ամենը, մասնագետի խոսքով, ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հսկայական ներուժ ունեն, եւ եթե նրանց ինքնաիրացման հնարավորություն տրվի, կարող են մեծ օգուտ տալ հասարակությանը եւ ոչ մի դեպքում բեռ չդառնալ:

«Ուղղակի մեր հասարակությունն ու կառավարությունը պիտի ճիշտ վերաբերվեն այդ մարդկանց, նրանց նույնպիսի հնարավորություններ տան, որպիսիք ուրիշներին են տալիս»,-ավելացրել է Ռուզան Սարգսյանը: