Ֆիզիկական ակտիվությունը ծերության տարիներին օգնում է պաշտպանել ուղեղը ու այն պահպանել առողջ ու գործունյա վիճակում: Օրինակ 95-ամյա վազորդուհի Օլգա Կոտելկոն, ով սկսել է սպորտով զբաղվել 77 տարեկանում, ոչ միայն ավելի առողջ է իր հասակակիցների մեծ մասից, այլեւ ավելի խոշոր ուղեղ եւ ավելի լավ մտավոր ունակություներ ունի, քան նրանցից շատերը:
Սակայն JAMA ամսագրում հրապարակված երկու հետազոտությունների հեղինակները հավաստիացնում են, որ եթե մարդն ուզում է պահպանել իր կոգնիտիվ ունակությունները նաեւ ծերության տարիներին, ապա նա պետք է արդեն երիտասարդ տարիքից փոխի իր կենսակերպն ու սկսի մարզվել ու ճիշտ սնվել:
Առաջին հետազոտության հեղինակ Քեյսի Սինքը՝ Wake Forest School of Medicine -ից փորձել է պարզել, թե 24 ամսվա համար հաշվարկված մարզանքների ծրագիրն ինչպես է ազդում տկարամտության զարգացման վտանգի ու այլ կոգնիտիվ խնդիրների վրա ծերության տարիներին: Փորձի մասնակիցները 70-89 տարեկան մարդիկ էին, ովքեր առաջ անշարժ կենսակերպ էին վարում: Նրանց առաջարկել են անել չափավոր վարժություններ (քայլել, բացել մկանները եւ այլն), իսկ 24 ամիս հետո մասնագետները ստուգել են նրանց կոգնիտիվ ունակությունները:
Պարզվել է որ պարզ վարժություններն իհարկե որոշակի արդյունք տվել են, բայց ոչ այնքան էական, որքան հույս ունեին հետազոտողները: Ըստ երեւույթին պարզ վարժությունները բավարար չէին ծերացող ուղեղը գործունյա պահելու համար:
Նույն եզրակացության են հանգել նաեւ երկրորդ հետազոտության հեղինակները (National Eye Institute/National Institutes of Health-ից), որոնք մեծահասակ մարդկանց առաջարկել են վիտամիններ կամ պլացոբո: Պարզվում է, որ վիտամինային հավելումները մեծ տարիքում առանձնապես չեն ազդում մարդկանց կոգնիտիվ գործառույթների վրա:
Գիտնականների կարծիքով, խնդիրն այն է, որ բոլոր այդ փոփոխությունները երկու հետազոտությունների մասնակիցների կյանքում չափազանց ուշ են սկսվել: Իրականում ուղեղի ծերացման ու կոգնիտիվ գործառույթների կորստի գործընթացը շատ ավելի շուտ է սկսվում, դրա համար էլ կարեւոր է, որպեսզի այն մարդիկ, ովքեր ուզում են ծերության տարիներին պահպանել իրենց մտավոր ունակությունները, դեռ երիտասարդ տարիքից սկսեն զբաղվել սպորտով ու սնվել մթերքներով, որոնք հարուստ են օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով ու միներալներով:






