Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի ցնցման հետեւանքները հիվանդի մոտ կարող են շատ երկար ժամանակ մնալ, նույնիսկ հիմնական համախտանիշերը անցնելուց հետո:

Գիտնականները հետեւել են ուղեղի թեթեւ ցնցում ունեցող 50 հիվանդի եւ առողջ 50 կամավորի: Միջադեպից 4 ամիս անց բժիշկները դեռեւս տարբերություն են գտել ուղեղում ուղեղահյութի շարժման մեջ, թեեւ հատուկ նշաններ այդ ժամանակ նրանց մոտ չեն եղել:

Նախորդ հետազոտությունների արդյունքում նաեւ բացահայտվել է, որ ցնցումը կարող է բերել ուղեղի կայուն փոփոխման: Կրկնակի ուղեղի ցնցում տարած երեխաները երկու անգամ ավելի դանդաղ են առողջանում, քան նրանք, ովքեր ուղեղի միայն մեկ վնասվածք են ստացել:

Ուղեղի ցնցման երկարատեւ հետեւանքների առնչությամբ անհանգստությունը մեծացել է հատկապես ուղեղի բազմաթիվ վնասվածքներ ստացած մարզիկների շրջանում խրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպատիայի տարածվածության պատճառով: Նրանց մոտ նկատվում է հիշողության կորուստ, ագրեսիվություն, դեպրեսիա եւ, վերջնական արդյունքում, աստիճանաբար զարգացող տկարամտություն:

Ամերիկյան նյարդաբանական ակադեմիայի նոր կանոնների համաձայն, բժիշկներն ու մարզիչները պետք է գնահատեն մարզիկի վնասվածքի համախտանիշերի բարդությունը եւ, դրանցով առաջնորդվելով, մարզիկին որոշ ժամանակ թույլ չտան մարզվել: