Շատ ծնողների թվում է, որ իրենց երեխաները հարթաթաթություն ունեն, սակայն երբեմն նրանք սխալվում են: Ինչպես հասկանալ, ունի՞ երեխան հարթաթաթություն եւ արդյո՞ք իմաստ ունի բժշկի դիմել: Այս մասին լրագրողներին պատմել է բժիշկ օրթոպեդ Արարատ Նազարյանը:
Մասնագետի խոսքով՝ երեխաների մոտ որպես կանոն մինչեւ 3-4 տարեկան թաթերը հարթ են լինում, բայց սա ֆիզիոլոգիական նորմա է, այլ ոչ թե պաթալոգիա: Սակայն եթե երեխայի թաթը մինչեւ 4 տարեկանը չի զարգանում ինչպես պետք է ու մնում է հարթ, սա արդեն օրթոպեդի դիմելու առիթ է, որպեսզի նա հաստատի կամ էլ հերքի ախտորոշումը: Կարելի է փորձել հարթ թաթը տարբերել աչքով կամ էլ զննելով այն հետքերը, որոնք մնում են երեխայի մերկ ոտքից:
Ինչպե՞ս կարելի է կանխել երեխայի մոտ հարթաթաթության զարգացումը:
Առաջին հերթին անհրաժեշտ է նրա համար հարմարավետ ու ճիշտ կոշիկ ընտրել, այսպես կոչված սուպինատորով ու ամուր հետնամասով: Ճիշտ կոշիկը եթե նույնիսկ չկանխի խնդրի զարգացումը, ապա գոնե կնվազեցնի դրա հավանականությունը ու կօգնի ավելի հեշտ ու ճիշտ քայլել:
Ավելին, ճիշտ կոշիկի ու օրթոպեդիկ ներդիրների ընտրությունը կարող է նաեւ օգնել երեխայի հարթաթաթության բուժմանը: Ճիշտ է, բուժման համար լավագույն տարիքը, բժշկի խոսքով, 4-7 տարեկանն է: Հենց այդ տարիքում է բուժումն առավելագույնս արդյունավետ, ու մեծ է հարթաթաթությունից ազատվելու հավանականությունը: Իսկ ավելի ուշ տարիքում խնդիրը հնարավոր կլինի միայն ինչ- որ չափով ուղղել ու փոխհատուցել դրանից ծագող անհարմարությունները:






