Եվրոպական շատ կլինիկաներում մասնագետները ձգտում են քաղցկեղային ուռուցքը հեռացնելիս պահպանել հիվանդների կուրծքը՝ քիմիաթերապիայի կիրառումով կամ էլ առանց դրա: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Վիեննայի բժշկական համալսարանից պրոֆեսոր, ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար Ռայմունդ Ջաքեզը՝ դա այնքան էլ բարդ չէ անել, եթե ուռուցքը փոքր է:
Իսկ եթե ուռուցքն արդեն մեծ է՝ 3-4 սմ տրամագծով, ապա վիրաբույժներին հաճախ օգնության է գալիս նախավիրահատական քիմիաթերապիան. քիմիաթերապիայի 4-6 կուրսերի օգնությամբ բժիշկները փոքրացնում են ուռուցքը, որից հետո արդեն վիրահատում են՝ փորձելով պահպանել հնարավորինս շատ առողջ հյուսվածք:
Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը՝ ուռուցքը հեռացնելիս հիվանդների կուրծքը պահպանելը կարեւոր է մի քանի պատճառներով: Դրանցից ամենակարեւորը հոգեբանական պատճառն է: Եթե կինն ամեն առավոտ արթնանում է ու հայելու մեջ իրեն տեսնում մեկ կրծքով, նա իրեն դժվար թե լիարժեք կին զգա: Նրա մոտ կարող են սկսվել հոգեբանական խնդիրներ ու կինը կսկսի մեկուսանալ հասարակությունից, երբեմն նույնիսկ ընտանիքից:
Բացի դրանից, կարող են սկսել նաեւ այլ խնդիրներ. օրինակ եթե կնոջ կուրծքը մեծ է ու ծանր, մեկ կրծքի հեռացումը կարող է խնդիրներ ստեղծել նրա կեցվածքի ու ողնաշարի համար:






