Նոր դեղամիջոցը, որը նախատեսված է ՄԻԱՎ–ի կանխարգելման համար, իրոք կարող է պաշտպանել ՄԻԱՎ-ով վարակվելուց: Համենայն դեպս այս մասին են վկայում այս դեղամիջոցի վերջին կլինիկական հետազոտությունների արդյունքները:
Սան Ֆրանցիսկոյում Kaiser Permanente -ի կողմից անցկացվող հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600 կամավոր, որոնց մեծ մասը տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ էին: Հետազոտության բոլոր մասնակիցները բարձր ռիսկի խմբում են, սակայն հետազոտությունը սկսելու պահին նրանց մոտ ՄԻԱՎ վարակ չի հայտնաբերվել:
2.5 տարվա ընթացքում փորձի մասնակիցները շարունակել են իրենց նախկին կենսակերպը, այսինքն ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը նրանց մոտ շատ մեծ էր: Նաեւ նրանք ընդունել են Truvada դեղամիջոցը: Հետազոտության վերջում դեղամիջոցը դրսեւորել է 100 տոկոսանոց արդյունավետություն, այսինքն մասնակիցներից ոչ մեկը ՄԻԱՎ-ով չէր վարակվել:
Հիվանդությունների հսկողությոն ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, նմանատիպ դեղամիջոցները մշտապես ընդունելու դեպքում 92 տոկոսով նվազեցնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Սակայն դրանց արդյունավետությունը զգալիորեն նվազում է, եթե դրանք միայն ժամանակ առ ժամանակ ես ընդունում:
Ինչպես նշել են University of California-San Francisco-ի ՄԻԱՎ հետազոտողներ Քիմբերլի Ա . Քեստերը ու Ռոբերտ Մ. Գրանտը (վերջինս համարվում է 2012թ աշխարհի ամենաազդեցւկ մարդկանցի ցմեկը Թայմզի վարկածով ), հետազոտության արդյունքները, իհարկե, ուրախալի են, բայց դեռ շատ հարցեր բաց են մնում: Օրինակ, արդյոք ռիսկի խումբ մտնող մարդիկ կհամաձայնեն ընդունել այս դեղամիջոցը ՝ վարակը կանխելու նպատակով: Ո՞վ է վճարելու դեղամիջոցի համար: Արդյոք նրանք այդ դեղամիջոցը ճիշտ ձեւով կընդունեն՝ ըստ նշանակության, թե խախտումներով: Արդյո՞ք այդ դեղամիջոցի ընդունումը նման մարդկանց վարքագիծն ավելի համարձակ չի դարձնի: Արդյո՞ք դա չի հանգեցնի սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներով վարակվելու հավանականության բարձրացմանը:






