2008 թ. Հայաստանում ներդրվել են սերտիֆիկատներ, որոնք հղի կանանց ապահովում են անվճար ՝ պետության կողմից վճարվող ծննդօգնությամբ: Հայաստանի քաղաքացիների համար անվճար են նաեւ հղիության խնամքը, եթե իհարկե կինը չի ընտրում վճարովի կոնսուլտացիաներ, ինչպես նաեւ բոլոր այն անալիզները ու հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են նրան հղիության ընթացքում:

Այդ հետազոտություններից է նաեւ ուլտրաձայնային հետազոտությունը, որն ամբողջ հղիության ընթացքում մի քանի անգամ է արվում ՝ նույնպես պետպատվերի շրջանակում: Իսկ ո՞ր դեպքերում է հղիների ուլտրաձայնային հետազոտությունը վճարովի արվում:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության մայրական ու վերարտադրողական առողջության պահպանման բաժնի վարիչ Գայանե Ավագյանը, եթե կինը ուլտրաձայնային հետազոտության է գնում իր հղիության խնամքն իրականացնող գինեկոլոգ բժշկի ուղեգրով, ապա նրա հետազոտությունն օրենքով պետք է անվճար անցկացվի: Սակայն եթե նա իր սեփական կամքով գնում է մեկ այլ կլինիկա (կարեւոր չէ ՝ մասնավոր թե պետական ), որտեղ նա հաշվառված չէ, ու ուզում է այնտեղ ՈՒՁՀ անել, այդ դեպքում արդեն հետազոտությունը կարող է վճարովի լինել:

Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանում միայն ծննդօգնության եւ մանկական առողջության համար տարեկան մոտավորապես 14 մլրդ դրամ է ծախսվում: Ավելին ՝ առողջապահական բյուջեի 35-40 տոկոսը հենց մոր եւ երեխայի առողջությանը վերաբերող ծրագրերին են ուղղված:

Հիշեցնենք նաեւ, որ որոշ կլինիկաներում ու պոլիկլինիկաներում հղիներից փող են վերցնում ՈւՁՀ ժամանակ երեխայի սեռի մասին տեղեկություն հաղորդելու համար, ինչն այնքան էլ օրինական չէ: