Ինքնասպանությունը,  որպես երեւույթ,  անհնար է ամբողջովին վերացնել, քանի որ այն բնորոշ է մարդկությանը ՝ դրա առաջացումից մինչեւ մեր օրեր: Մարդիկ ինքնասպան էին լինում դեռ մինչեւ կրակ վառել սովորելը եւ  անիվ ստեղծելը: Սակայն մի շարք կանխարգելիչ միջոցառումների օգնությամբ ինքնասպանությունների թիվը կրճատել հնարավոր է, սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  սուիցիդաբան Կամո Վարդանյանը:

Նրա խոսքով ՝ ինքնասպանությունների կանխարգելման ծրագիրը պետք է ներառի հետեւյալ բաղկացուցիչները.

1. Քաղաքական. ազգային քաղաքականության մշակում, մասնագիտական կառույցի ստեղծում, մշտադիտարկումների անցկացում;

2. Կրթական. երեւույթի ուսումնասիրություն, մասնագետների նախապատրաստում, որակավորման բարձրացում;

3. Տեղեկատվական. հասարակության տեղեկացում դեստրուկտիվ գործունեության հնարավոր հետեւանքների մասին, հանրամատչելի ուղեցույցների հրատարակում;

4. Առողջապահական . թմրամոլերի, հարբեցողների ու սուիցիդալ հակումներով մարդկանց հայտնաբերում, նրանց հաշվառման կազմակերպում, բուժում ու ռեաբիլիտացիա, նաեւ նման մարդկանց համար շուրջօրյա հետաձգելի օգնության կազմակերպում;

5. Անձնային. Մարդկանց մեջ սթրեսակայունություն, դժվարությունների հաղթահարման հմտությունների ձեւավորում ու հանդուրժողականության զարգացում։

Ինչպես նշել է Կամո Վարդանյանը, մարդու սոցիալական վիճակն այն գործոններից մեկն է, որը կարող է մարդուն դրդել ինքնասպանության, բայց չի կարելի պնդել, որ այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս պատճառների շարքում: Նրա խոսքով՝ կա ինքնասպանության մոտավորապես 800 պատճառաբանություն, իսկ երբեմն էլ ինքնասպանությունը կատարվում է անկախ մարդու կամքից ՝ նրա օրգանիզմում կատարվող ախտաբանական փոփոխությունների պատճառով: «Երբեմն ինքնասպանությունը դիտարկվում է որպես ելք անլուծելի բարդ իրավիճակից, երբեմն էլ ՝ որպես ինչ -որ մեկին պատժելու ձեւ: Երբեմն դա  ուշադրություն գրավելու միջոց է, իսկ մեկ այլ դեպքում ՝ օգնության ճիչ: Այսինքն յուրաքանչյուր առանձին դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել պատճառաբանությունը, ոեւ  ինքնասպանությունը, որպես կանոն,  բազմաթիվ պատճառներ ունեցող երեւույթ է»,- ասել է նա:

Խոսելով այն մասին, որ Հայաստանում՝ ինչպես եւ ամբողջ աշխարհում, նկատվում է ինքնասպանության թվի աճ, մասնագետը նշեց, որ այս միտումը հիմնականում կապակցում են կյանքի տեմպի աճի, տեղեկատվական հասարակության,  ինչպես նաեւ Երկիր մոլորակի վրա բնակչության թվաքանակի աճի հետ:

Ընդ որում Կամո Վարդանյանը նշեց, որ մասնագետները չեն զբաղվում վիճակագրությամբ, նրանք զբաղվում են երեւույթի ուսումնասիրությամբ, ու միանշանակ կարող են վստահեցնել, որ այն ամբողջովին վերացնելն անհնար է, բայց ինքնասպանությունների փորձերի թիվը կրճատել՝ միանգամայն հնարավոր է, ու մասնագետներն աշխատում են հենց այդ ուղղությամբ: