Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի10-ին նշվում է ինքնասպանությունների կանխարգելման Համաշխարհային օրը:
Այդ օրվա նպատակը, ինչպես անվանումն է հուշում, ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործունեության խրախուսումն է: Ըստ վիճակագրության՝ աշխարհի բռնի մահերի գրեթե կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին: ԱՀԿ տվյալներով՝ ինքնասպանությունից մահերի ընդհանուր քանակը մոտենում է տարեկան մեկ միլիոնի: Առկա միտումներով՝ մինչեւ 2020 թ. ինքնասպանությունների թիվը, ամենայն հավանականությամբ, մեկուկես անգամ կաճի:
Ինքնասպանությունների իրավիճակը գնահատելու համար ընդունված է օգտագործել ինքնասպանությունների ցուցանիշը, որը հաշվարկվում է 100 հազար մարդու կտրվածքով: Եթե 100 հազար բնակչությանը բաժին հասնող ինքնասպանությունների թիվը չի գերազանցում 10-ը, ապա նման հասարակությանը համարվում է բարեկեցիկ: Եթե այդ ցուցանիշը 10-20 է, դա նշանակում է, որ կա խնդիր, բայց այն աղաղակող չէ, իսկ 20ը գերազանցող ցուցանիշը արդեն օրհասական իրավիճակի մասին է վկայում:
Եվրոպական երկրներում ցուցանիշը բարձր է՝ 30-40 դեպք 100 հազար բնակչության կտրվածքով: Հայաստանում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, չնայած ինքնասպանությւոնների թիվը տարեցտարի աճում է: Օրինակ 2015 թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 397 ինքնասպանություն ու ինքնասպանության փորձ, ինչը 74 դեպքով ավելի շատ է անցած տարվա համեմատ: 397 դեպքերից 285 ը ինքնասպանության փորձեր էին, իսկ 112-ը ավարտվել են մարդու մահով: Ինքնասպանության փորձ ձեռնարկածներից 51-ը կին էր եւ 246-ը տղամարդ:






