Մասնագետները կոչ են անում լրատվամիջոցներին զգույշ լինել ինքնասպանությունների դեպքերը լուսաբանելիս ու հետեւել էթիկայի որոշակի նորմերի, քանի որ նկարագրված դեպքերը կարող են նմանակման օրինակ դառնալ սուիցիդալ հակումներով մարդկանց համար: Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սուիցիդաբան Կամո Վարդանյանն ու հոգեբան Խաչատուր Գասպարյանը մեդիա ներկայացուցիչներին կոչ արեցին ինքնասպանությունների մասին նորույթունները չներկայացնել որպես սենսացիա, չմանրամասնել ինքնասպանության պատճառները ու ավելորդ ուշադրությամբ չհերոսականացնել ու չֆետիշացնել ինքնասպաններին:

Խաչատուր Գասպարյանը,մասնավորապես, նշեց,որ իր համար անհասկանալի է այն լրատվամիջոցների տրամաբանությունը, որոնք ինքնասպանությունների մասին լուրերը մատուցում են թոփ լուրերի շարքում ՝ պետական կարեւորության տեղեկությունների կողքին: Նրա խոսքով, ինքնասպանության՝  որպես բարդ ու անելանելի իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքի դրդապատճառների մանրակրկիտ ներկայացումը, նաեւ ինքնասպանության կատարման միջոցի նկարագրությունը կարող են նույնատիպ վիճակում գտնվող մարդկանց դրդել այն մտքի, որ դա ընդունելի ելք է: Նա նաեւ ներկայացրեց մի դեպք իր աշխատանքային պրակտիկայից, երբ երիեւանյան դպրոցներից մեկում մի դեռահասի ինքնասպանությունից հետո եւս երկուսը փորձել են հետեւել նրա օրինակին: Իրավիճակի վերլուծությունը ցույց էր տվել, որ ինքնասպան եղած դեռահասը ակամա հերոսացվել էր, նրա դիմանկարը փակցվել էր պատին, դրա տակ միշտ թարմ ծաղիկներ էին դրված, համադասարանցիները նույնիսկ բարեւում էին նրան: Նման ակամա ֆետիշացումն էլ հենց դրդել է մյուս դեռահասներին  փորձել կրկնել նրա «սխրանքը»:

Ինչպես պարզաբանեց սուիցիդաբան Կամո Վարդանյանը, գիտականորեն ապացուցված է, որ դեստրուկտիվ տեղեկությունները մատուցվելիս մոդելավորվում են: Մարդիկ, որոնք գտնվում են անկայուն հոգեկան վիճակում, հեշտությամբ այն պրոյեկտում են իրենց վրա: Կա նույնիսկ տեսություն վարքագծի նմանակման մասին  եւ սուիցիդալ վարքագիծը նույնպես նմանակման օրինակ է դառնում: Դրա համար էլ, նրա խոսքով, մշակվում են դեստրուկտիվ տեղեկությունների մատուցման հատուկ տեխնոլոգիաներ, ու լրատվամիջոցները պետք է տիրապետեն դրանց:

Մասնագետները մեդիա ոլորտի ներկայացուցիչներին կոչ են անում ծանոթանալ այս խնդրի վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցներին, որոնք Հայաստանի հոգեբուժական ասոցացիայի ջանքերով արդեն թարգմանվել են հայերեն: