Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը ու սեռական անզուսպ վարքագիծը 50 տոկոսով ավելացնում են ինքնասպանությունների վտանգը: Այս մասին նախազգուշացնում են Ներյոպսիխոֆարմակոլոգիայի եվրոպական քոլեջի հետազոտողները:

Նման եզրակացության հանգելու համար նրանք վերլուծել են այն հիվանդների տվյալները որոնք փորձել են ինքնասպան լինել, ու դրանց միջեւ բացահայտ օրինաչափություն են նկատել: Պարզվում է, որ կրկնակի հաճախ են ինքնասպան լինում այն մարդիկ, ովքեր անկանոն սեռական կյանք են վարում, մեքենան անզգույշ վարելու սովորություն ունեն, խառնվածքով անհանգիստ են (միշտ քայլում են սենյակում, շարժվում, չեն կարողանում մի տեղում երկար նստել) ու դյուրագրգիռ (սկզբում անում են մի բան, հետո՝ մտածում):

Հոգեբանները ենթադրում են, որ գերսեքսուալությունը եւ զուգընկերների ընտրության հարցում անզգույշ մոտեցումը մի շարք հոգեկան հիվանդությունների նշան է՝ սկսած տկարամտությունից մինչեւ շիզոֆրենիա: Գուցե հենց այդ պատճառով էլ մարդիկ, ովքեր պատրաստ եմ անկողին մտնել առաջին պատահածի հետ, կրկնակի հաճախ են իրենց կյանքն ավարտում ինքնասպանությամբ:

Հետազոտողների կարծիքով, ինքնասպանությունների վտանգի գործոնների բացահայտումը կարող է օգնել կանխել դրանց գոնե մի մասը ու փրկել գոնե մի քանիսի կյանքը: