Ուժեղագույն էկզեման հինգամյա Մորգան Բիշոպի կյանքն իսկական հոգեվարքի էր վերածել. էկզեմայի պատճառով նա չէր կարողանում նորմալ քայլել, քնել ու երազում էր մահվան մասին: Իսկ երբ նա խնդրեց ծնողներին, որ նրանք «թույլ տան իրեն մահանալ», ծնողների սիրտը կտոր –կտոր եղավ:
Սակայն հիմա տղայի կյանքը փոխվել է բուժման նորագույն մեթոդների շնորհիվ: Մորգանը սկսել է հիդրոթերապիայի կուրսեր անցնել Ֆրանսիայի հարավում գտնվող կենտրոններից մեկում ու արդեն կարողանում է քայլել, հանգիստ քնել, խաղալ ու վայելել կյանքը՝ իր հասակակիցների նման:
Մինչ այդ ծնողները փորձել էին Մեծ Բրիտանիայում բուժման բոլոր հասանելի մեթոդները, բայց ոչինչ չէր օգնել: Այդ ժամանակ Դանան ու նրա ամուսինը՝ Փոլը՝ Go Fund Me կայքում էջ էին ստեղծել ու խնդրել մարդկանց օգնել փող հավաքել, որպեսզի կարողանային երեխային Ֆրանսիա տանել ՝ հիդրոթերապիայի ուղղությամբ մասնագիտացած հայտնի կենտրոններից մեկը: Բուժման մեկ կուրսն այնտեղ տեւում է 3 շաբաթ, իսկ գինը սկսվում է 1650 եվրոյից: Տարեկան խորհուրդ է տրվում անցկացնել բուժման առնվազն երեք նման կուրս:
Երբ կլինիկայի ներկայցուցիչները իմացել են Մորգանի վիճակի մաիսն, նրանք միանգամից կապվել են նրա ծնողների հետ ու ասել, որ հենց իրենք կհոգան երեխայի բուժման առաջին շաբաթվա ծախսերը: Այդ ժամանակ ընտանիքը միանգամից մեկնել է Ֆրանսիա, ու երեխան, որը չորսամսականից չգիտեր, թե ինչ բան է նորմալ քունը, սկսել է բուժում ստանալ:
Առաջին փոփոխությունները նկատելի էին արդեն մի քանի օր հետո. Մորգանի մաշկը սկսել էր ավելի քիչ կարմրել, ու քայլելն էլ հեշտացել էր: Նա նույնիսկ սկսել էր ժպտալ եւ այդ ժպիտն առաջին անգամ էր անկեղծ ու ուրախ: Առաջին կուրսի վերջում նրա մաշկի վիճակը, մասնագետների գանահատականով, լավացել էր 22 տոկոսով:
Հաջորդ տարվա մարտին Մորգանը պետք է վերադառնա կլինիկա ու ստանա բուժման հաջորդ կուրսը:






