2005-2013 թթ ընթացքում Հայաստանում 200 միլիոն դրամ է ծախսվել բնածին հիպոթիրեոզի հայտնաբերման համար: Այս մասին փետրվարի 7-ի մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Ըստ նրա, Հայաստանում նորածինների սկրինինգային հետազոտությունները սկսվել են 2005 թվականին, եւ այդ ժամանակվանից էլ մեծացել է նման ծրագերի քանակությունը եւ աշխարհագրական տարածվածությունը:
«Սկրինինգը հետազոտություն է, որի նպատակն է վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը այն մարդկանց մոտ, ովքեր դեռ չունեն կլինիկական դրսեւորումներ»,- հայտարարել է Սարիբեկյանը: Բյուջետային միջոցների հաշվին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվում է բնածին հիպոթիրեոզի եւ ֆենիլկետոնուրիայի, ինչպես նաեւ կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի, լսողության եւ տեսողության արատների հայտնաբերման սկրինինգներ:
«Դա շատ պարզ մեթոդ է. նորածնի գարշապարից վերցնում են երկու կաթիլ արյուն եւ պարզում, արդյոք նա ունի այդ հիվանդությունները: Եթե դրանք ժամանակին չհայտնաբերել, ապա, օրինակ, հիպոթիրեոզի դեպքում , երեխայի մոտ ծանր մտավոր հետամնացություն կարող է զարգանալ: Բայց, եթե ժամանակին հայտնաբերել, ապա երեխան ամեն ամիս կստանա 3000 դրամ արժողությամբ դեղեր եւ կմեծանա լիարժեք եւ առողջ»,- ասաց Սարիբեկյանը:
Բնածին հիպոթիրեոզի սկրինինգն իրականացվում է Հայաստանի ամբողջ տարածքում՝ 2005-2013 թթ ընթացքում հետազոտվել են 240 000 երեխա եւ հայտնաբերվել է հիվանդության 76 դեպք:
Համաձայն Առողջպահության նախարարության հաշվարկների, եթե բնածին հիպոթիրեոզը շատ ուշ է հայտնաբերվում , հիվանդների բուժման վրա տարեկան ծախսվում է 219 միլիոն դրամ: Բայց, երեխաների առողջությունը պահպանելու համար պետք է ընդամենը 129 միլիոն դրամ:
Հայաստանում ֆենիլկետոնուրիայի հայտնաբերման սկրինինգը սկսել է իրականացվել 2008 թվականին: Ինչպես բնածին հիպոթիրեոզի դեպքում, եթե հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի, երեխան բյուջետային միջոցների հաշվին պետության կողմից տրամադրվող հատուկ սնուցում կստանա, որի մեջ բացակայում են կենդական ծագման սպիտակուցները, եւ երեխան կրկին կմեծանա առողջ ե լիարժեք: «Մենք հետազոտությունն իրականացրել ենք 111 270 երեխայի շրջանում եւ ֆենիլկետոնուրիա ենք հայտնաբերել ընդամենը 28 դեպքում»,- ասաց Սարիբեկյանը:
Սկրինինգի հաջորդ տեսակը լսողության սկրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է 2008 թվականից: « Խուլ ու համր երեխաների 99%-ը չի խոսում, որովհետեւ խուլ է: Եթե մենք ժամանակին իմանում ենք նրանց խլության մասին, մենք կարող ենք մինչեւ խոսքի զարգացումը նրանց ապահովել լսողական սարքով կամ վիրահատություն իրականացնել, որը շատ թանկարժեք է: Բայց մենք կարողացել ենք բյուջեից հատկացում անել դրա համար»,- նշել է Կարինե Սարիբեկյանը:
Լսողության սկրինինգն իրականացվել է 34 643 երեխայի շրջանում (երկրում ծնվածների 22% -ը): Հայտնաբերել ենք 26 խուլ երեխա, որոնցից 4-ը ստացել է կոխլեար (ականջի խխունջիկային) իմպլանտ, իսկ 20-ը՝ լսողական սարք:
Ինչ վերաբերում է տեսողության սկրինինգին, ապա ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին: Ծրագրի շրջանականերում հետազոտել են 2190 երեխայի, իրականացրել են 66 լազերային վիրահատություն, իսկ 24-ը ստացել է դեղորայքային թերապիա:
[gallery id=14]
Լուսանկարները Արսեն Սարգսյանի






