Գլխի փոխպատվաստման վիրահատությունը, որն իր տեսակի մեջ առաջինն է բժշկության պատմության մեջ, նշանակված է 2017 թ. ու ամենայն հավանականությամբ կկատարվի Չինաստանում: Հայտնի չին վիրաբույժ Ռեն Քսյաոպինը որոշել է միանալ իտալացի բժիշկ Սերջիո Կանավերոյին, այնպես որ նրանք միասին կանեն այդ աննախադեպ վիրահատությունը:
Իսկ հիվանդը ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովն է լինելու, ով համաձայնել է մասնակցել այդ փորձին: Նա տառապում է մկանային ծանր ատրոֆիայով ու գրեթե չի կարողանում կառավարել իր մարմինը:
Սերջիո Կանավերոն հավաստիացնում է, որ վիրահատությունը կփոխի բժշկության պատմությունը ու կհանգեցնի նոր մեթոդների ստեղծմանը, որոնցով հնարավոր կլինի բուժել ՝ նախկինում անբուժելի հիվանդություններ ՝ այդ թվում մկանային ատրոֆիան: Բժիշկ Կանավերոն Չինաստանում ՝ գիտաժողովի ժամանակ հայտարարել է այն մասին, որ ինքը եւ իր նոր գործընկերը ծրագրում են բժիշկների մի ամբողջ թիմ ստեղծել Վալերի Սպիրիդոնովին նոր մարմին նվիրելու համար: Վիրահատությունը պետք է կատարվի 2017 թ. այն հիվանդանոցում որը կապեր ունի Խարբինի բժշկական համալսարանի հետ:
«Բժիշկ Ռենը աշխարհում միակ մարդն է, ով ունակ է ղեկավարել այս նախագիծը,- հայտարարել է Սերջիո Կանավերոն,- Չինաստանը՝ իր կազմակերպչական զարմանալի ընդունակություններով ու խմբային վիրահատությունների նկատմամբ պատրաստակամությամբ, լավագույն ընտրությունն է գլխի փոխպատվաստում իրականացնելու համար»:
Գիտնականը արդեն ավելի քան 2 մլն դոլար է ստացել տարբեր գիտական ու պետական հիմնադրամներից: Այս վիրահատության նախապատրաստումը, ճիշտ է, առաջացնում է բազմաթիվ բժիշկների ու գիտնականների, ինչպես նաեւ հասարակայնության կոշտ քննադատությունը, բայց բժիշկ Կանավերոն հաստատակամ է տրամադրված ու չնայած շարունակվող քննարկումներին ՝ մտադիր է անել վիրահատությունը:






