Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն նվազել է դիֆտերիայի, պոլիոմիելիտի, հեպատիտ B-ի, կարմրուկի, խոզուկի, կարմրախտի եւ մենինգիտի գրանցված  դեպքերի  քանակը:  Այս մասին փետրվարի  7-ին հաղորդել է  Հայաստանի առողջապահության նախարարության իմունոկանխարգելիչ ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Սահակյանի խոսքով 1994-1995 թթ Հայաստանում դիֆտերիան դարձել է 34 մարդու մահվան պատճառ, մինչդեռ արդեն պատվաստման ծրագրի ներդրումից հետո ավելի քան 10  տարի այլեւս չի գրանցվել հիվանդության ոչ մի դեպք: Ճիշտ նույնպիսի իրավիճակ է տիրում պոլիոմիելիտի հարցում. եթե մինչեւ  1995 թվականը գրանցվել է այս անբուժելի հիվանդությամբ հիվանդացության 5-10 դեպք, ապա 1995 թվականին չի եղել ոչ մի դեպք, իսկ 2002 թվականին ԱՀԿ-ն Հայաստանը հռչակել է «պոլիոմիելիտից ազատ» պետություն:

Գայանե Սահակյանը նաեւ նշել է , որ շնորհիվ առողջապահության նախարարության ծրագրերի 2010-2013 թթ-ին ռեկորդային քիչ քանակությամբ մարդ է հիվանդացել կարմրուկով, խոզուկով եւ կարմրախտվ, չնայած հարեւան երկրներում տիրող այս հիվանդությունների համաճարակի: Առողջապահության նախարարությունը գրանցել է կարմրուկի ընդամենը 11 եւ կարմրախտի՝ 4  դեպք:

Ինչ վերաբեում է հեպատիտ Բ-ին , մինչեւ պատվաստման ծրագրի ներդրումը երկրում տարեկան 90 երեխա հիվանդացել է հեպատիտ Բ-ով: 1999 թվականից հետո, նոր դեպքերի քանակը երեխաների շրջանում զգալիորեն նվազել է, իսկ  վերջին 5-6 տարիներին նույնիսկ վերացել: