Հայերի, հրեաների ու արաբների շրջանում բավականին տարածված եւ ժառանգական համարվող պարբերական հիվանդության ախտանիշները սովորաբար դրսեւորվում են վաղ մանկության տարիքում: Սակայն հիվանդությունը կարող է իրեն դրսեւորել նաեւ ավելի ուշ եւ տարբեր ձեւերով: Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ վատ ինքնազգացողության պատճառը հենց այդ հիվանդությունն է:
Ինչպես մեզ պատմեցին «Արաբկիր» բուժկենտրոնի մանկական պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի ղեկավար Գայանե Ամալյանն ու այդ նույն կենտրոնի դիսպանսերի համակարգող Նունե Մկրտչայնը՝ ամենից հաճախ պարբերական հիվանդությունը դրսեւորվում է տենդի կրկնվող նոպաներով, որոնք ուղեկցվում են որովայնի, կրծքավանդակի ու հոդերի ցավերով կամ այլ ախտանիշներով: Ընդ որում հիմնական ախտանիշը հենց կրկնվող տենդն է, այլ ոչ թե որովայնային ցավերը, ինչպես շատերն են կարծում: Տենդի հետ միասին մարդու մոտ կարող են լինել ցավեր մկաններում, վասկուլիտ, ցան, գլխացավ, ամորձապարկի այտուցվածություն, արթրիտներ եւ այլն: Վերջին ախտանիշները այդքան էլ տարածված չեն, բայց ամեն դեպքում դրանք նույնպես կարող են ուղեկցել տենդին եւ հուշել այդ հիվանդության առկայությունը:
Երբեմն էլ հանդիպում են այսպես կոչված ատիպիկ՝ ոչ բնորոշ դեպքեր, երբ հիվանդությունը ճանաչելն ավելի բարդ է: Օրինակ մինչեւ 3-5 տարեկան երեխաների մոտ պարբերական հիվանդությունը դրսեւորվոմ է անընդհատ կրկնվող տենդով ու թարախային անգինայով, ընդ որում որովայնային ցավեր հիմնականում չեն լինում: Նման երեխաների մոտ տենդն ու անգինան սովորաբար կապակցում են ինֆեկցիայի հետ, նրանց բուժում են, բայց հիվանդությունն անըդնհատ վերսկսվում է: Նման համառ անգինայի առկայությունը նույնպես առիթ է ոչ թե վարակաբանի, այլ գենետիկի եւ պարբերական հիվանդության մասնագետի դիմելու համար, որոնք միասին կկարողանան ախտորոշել այն:






