Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա է, որը սխալ է թունավորում անվանելը: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Դիանա Սուքիասյանը:
«Թունավորումը մի բան է, իսկ աղիքային ինֆեկցիան ՝ բոլորովին այլ: Չի կարելի մեկը մյուսի հետ շփոթել»,- նշել է մասնագետը:
Նա բացատրել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ կարող են դառնալ կեղտոտ ձեռքերը, չլվացված մթերքը եւ այլն: Իսկ թունավորման ժամանակ պետք է լինի թունավոր նյութ ՝ օրինակ մկնդեղ կամ պարարտանյութ, որը հայտնվելով սննդի մեջ, թունավորում է առաջացնում: Այդ հիվանդությունների կլինիկական դրսեւորումները նույնպես տարբեր են ՝ թունավորման դեպքում ախտանիշները պայմանավորված են նրանով, թե ինչ նյութով է հիվանդը թունավորվել ՝ կարող է լինել եւ ուշագնացություն, եւ շատ այլ ախտանիշներ, իսկ աղիքային ինֆեկցիայի դեպքում սովորաբար լինում է լուծ, փսխում, տենդ եւ այլն:
Եվ այսպես, Ձիթհանքով գյուղի դպրոցականների մոտ հենց աղիքային ինֆեկցիա է, այլ ոչ թե թունավորում: Իսկ ինֆեկցիայի աղբյուրը դեռ անհայտ է: Բանն այն է, որ ինչպես նշեց մասնագետը, բոլոր երեխաները տարբեր տարիքի են, տարբեր ընտանիքներից ու ապրում են գյուղի տարբեր մասերում: Դպրոցը, վարակաբանի կարծիքով, այս խնդրի հետ նույնպես ոչ մի կապ չունի, քանի որ երեխաներն առավոտյան դպրոց են եկել արդեն վատ ինքնազգացողությամբ: Աղիքային ինֆեկցիայի ախտանիշները շատերի մոտ դրսեւորվել է նախորդ երեկոյան, իսկ դպրոցում նրանք, բժշկի խոսքով, ոչինչ չեն կերել:
Այս պահին այն բաժանմունքում, որտեղ աշխատում է վարակաբանը, 4 երեխա կա: Նրանց վիճակը բավարար է, ու վաղը կամ էլ հաջորդ օրը նրանց, ամենայն հավանականությամբ, դուրս կգրեն:
Հիշեցնենք, որ Ձիթհանքով գյուղում ավելի քան 30 դպրոցականների մոտ աղիքային ինֆեկցիայի ախտանիշներ են գրանցվել: Նրանցից 4-ը հիվանդանոցում են, իսկ 28-ը ստանում են ամբուլատոր բուժում:






