Շիրակի Ձիթհանկով գյուղում աղիքային ինֆեկցիայի պատճառ կարող էին դառնալ ջուրը կամ մրգերը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ձիթանկով գյուղում ավելի քան 30 դպրոցականներ հիվանդանոցում էին հայտնվել աղիքային ինֆեկցիայի պատճառով. նրանցից չորսը դեռ գտնվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ 28-ը ամբուլատոր բուժում են ստանալու: Այդ նույն օրը աղիքային ինֆեկցիայի ախտանիշներ (սրտխառնոց, բարձր ջերմություն եւ այլն) է ունեցել նաեւ համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը:
Այդ օրը Հովիկ Պողոսյանը, իր իսկ խոսքով, ոչ մի «կասկածելի» բան չէր կերել՝ միայն ձմերուկ եւ միրգ, դրա համար էլ հենց դրանց՝ կամ էլ ջրի հետ է կապակցում իր վատ ինքնազգացողությունը: Թե ինչ էին կերել դպրոցականները, ովքեր հայտնվել էին հիվանդանոցում այդ նույն ախտանիշներով, դեռ պարզ չէ: Վարակաբան Դիանա Սուքիասյանի կարծիքով երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա է, այլ ոչ թե թունավորում, իսկ աղիքային ինֆեկցիայի պատճառ կարող են դառնալ պարզապես կեղտոտ ձեռքերը կամ էլ չլվացված բանջարեղենը:
Հիշեցնենք, որ մասնագետի խոսքով աղիքային ինֆեկցիայով կարելի է վարակվել ցանկացած՝ նույնիսկ ամենաանվնաս մթերքից: Եթե մթերքը չի պահպանվել հիգիենայի կանոնների համապատասխան, իսկ օգտագործելուց առաջ՝ ինչպես հարկն է չի լվացվել, դրանով հեշտությամբ կարելի է թունավորվել, նույնիսկ եթե խոսքը մրգերի կամ բանջարեղենի մասին է:
Պակաս վտանգ չի պարունակում նաեւ ձմերուկը. եթե այն ինչպես հարկն է չլվանաք ու կտրատեք կեղտոտ դանակով, ապա ձմերուկի մակերեսի վրա գտնվող մանրէներն ու վարակները կհայտնվեն դրա միջուկի մեջ ու կդառնան բազմաթիվ ինֆեկցիաների պատճառ: Նույնը կարող է կատարվել, եթե ձմերուկը լինի վնասված կեղեւով: Եվ բնականաբար ոչ մի դեպքում չի կարելի խանութից գնել արդեն կտրատված ձմերուկ, քանի որ դուք չեք իմանա, թե ով եւ ինչպես է այն լվացել, ինչ ձեռքերով է դիպչել ու ինչ դանակով է կտրել:
Աղիքային ինֆեկցիայից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել հիգիենայի ու առողջ դատողության մի քանի հասարակ կանոնների:






