Շիրակի Ձիթանքով գյուղում աղիքային ինֆեկցիայի աղբյուրը դժվար թե սննդամթերքի հետ կապ ունենա: Այս մասին NEWS.am Medicine -ի թղթակցին հայտնել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունից:

Ծառայության մասնագետները մեկնել էին Ձիթանքով գյուղ ՝ «զանգվածային թունավորումների» մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ու փորձել են պարզել, թե ինչով են սնվել դպրոցականները, որոնք աղիքային ինֆեկցիայով հիվանդանոց են տեղափոխվել: Մասնագետները նաեւ փորձանմուշներ են վերցրել սննդամթերքից ու ջրից ՝ թե դպրոցում, թե բոլոր այն կետերում, որոնց հետ տուժած երեխաները կարող էին առնչություն ունենալ: Այդ փորձանմուշները հետազոտելու համար մի քանի օր է պահանջվելու, սակայն նախնական տվյալներով, գյուղում կատարվածը նման չէ սննդային թունավորման:

Ինչպես մեզ հայտնել են ծառայությունից ՝ տուժած երեխաների տարիքային դիապազոնը չափազանց լայն է, ու նրանք բոլորը սնվել են տարբեր տեղերում, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ սա դժվար թե սննդային թունավորում լինի: Իսկ այն մասին՝ արդյոք սննդի ու ջրի փորձանմուշներում որեւէ վտանգավոր բան կա, թե ոչ ՝ հայտնի կդառնա ավելի ուշ, երբ կլինեն հետազոտությունների պատասխանները:

Հիշեցնենք, որ Ձիթանքով գյուղում ավելի քան 30 դպրոցականների մոտ աղիքային ինֆեկցիայի ախտանիշներ են հայտնաբերվել: Նրանցից 4-ը դեռ հիվանդանոցում են, իսկ 28-ը ստանում են ամբուլատոր բուժում: Կա կարծիք, որ ինֆեկցիայի աղբյուր կարող էին դառնալ ջուրը կամ չլվացված մրգերը: