Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում. կինը կորցրել է երեխային տնային պայմաններում ծննդաբերելու պատճառով։ Ինչպես պարզել է NEWS.am Medicine-ը, դա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, եւ երեխան մահացած է եղել մինչեւ բժիշկների ժամանելը։

Ինչպես մեզ հայտնեց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը, մինչեւ ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, կինն արդեն սկսել է ծննդաբերել, իսկ բժիշկների ժամանման պահին տղան արդեն մահացած է եղել։

Բժիշկները կնոջը տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել, կանգնեցվել է արյունահոսությունը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Նոյեբերյանի ԲԿ տնօրեն Աշոտ Գյոզալյանը։

Նա տեղեկացրեց, որ կինը հաշվառված է եղել Ոսկեպարի կանացի կոնսուլտացիայում, եւ, դատելով բժշկական փաստաթղթերից, որոնք փոխանցվել են նաեւ ոստիկանություն, հղիության ընթացքում խնդիրներ չի ունեցել։ Ըստ բժշկի եզրակացության, ողբերգությունը տեղի ունեցել այն պատճառով, որ կինը ծննդաբերել տնային պայմաններում։ Բայց թե ո՞ւմ մեղքով է դա եղել, հարցը բաց է մնում։