Հայտնի ֆրանսահայ բժիշկ Ավետիս Մատիկյանը (Մարսել) այսօր, սեպտեմբերի 11-ին, պարգեւատրվեց Հայաստանի Մխիթար Հերացու շքանշանով՝ սրտաբանության եւ բժշկության զարգացման ոլորտում իր մեծ ներդրման համար:

«Այս մրցանակը ոչ միայն Ավիտիս Մատիկյանի մրցանակն է, այլ ամբողջ ASAF կազմակերպության: Այս շքանշանը պատկանում է նաեւ ASAF-ի բոլոր մասնակիցներին, որոնք այսօր այստեղ են, մեր հետ, կամ Ֆրանսիայից աջակցում են մեր աշխատանքին», - նշեց Ավետիս Մատիկյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

ASAF-ը, ինչպես պարզաբանեց մասնագետը, հայ-ֆրանսիական բժշկական շարժում է, որը ոչ միայն երկու տարին մեկ Հայաստանում սրտաբանների եվրակովկասյան համաժողովներն է կազմակերպում, այլեւ նպաստում է Գորիսի հայ-ֆրանսիական հիվանդանոցի զարգացմանը: Այդ հիվանդանոցում, ինչպես նշեց Ավետիս Մատիկյանը, արդեն հարյուրավոր մարդկանց կյանքեր են փրկվել, եւ այն մեծ դեր է խաղում Սյունիքի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար:

Հիշեցնենք, որ Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաեւ նշանակալի բարեգործական գործունեության համար: Ավետիս Մատիկյանի պարգեւատրումը տեղի ունեցավ Հայաստանում անցկացվող սրտաբանների եվրակովկասյան հինգերորդ համաժողովի ժամանակ: