Հայաստանյան դեղարտադրող եւ դեղներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների եւ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դեղերի ոլորտին վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարեւորեց դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում շուկայական գները ուսումնասիրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության ողջ տարածքով կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:
Անդրադարձ կատարվեց նաեւ ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման եւ իրացման հարցերին, ինչպես նաեւ 2016թ. սկսած ԵԱՏՄ-ին ադամակցությամբ պայմանավորված դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:
Քննարկվեց նաեւ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերաբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ:






