Արդեն մի քանի տարի է զարգացած երկրներում ատամներն ուղղելու համար օգտագործում են ոչ միայն բոլորին հայտնի բրեկետները, այլեւ դրանց անտեսանելի այլընտրանքը՝ թափանցիկ քափերը/caps/: Մոտ ապագայում Հայաստանում նույնպես հնարավոր կլինի ատամներն ուղղել քափերի օգնությամբ:

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցին պատմեց Օրթոդոնտերի հայկական ասոցիացիայի նախագահի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ քափերը բարակ թափանցիկ կոնստրուկցիաներ են, որոնք հագցնում են ատամների վրա. դրանց օգնությամբ կարելի է ոչ միայն ուղղել ատամնաշարը, այլեւ շտկել ատամնանստվածքը եւ որոշ դիմածնոտային դեֆորմացիաներ: Քափերը, մասնագետի խոսքով, բավական արդյունավետ են թեթեւ ու միջին ծանրության դպեքերի համար, բայց ծանր դեֆորմացիաների դեպքում դրանք սովորաբար չեն օգտագործում՝ նախապատվությունը տալով այլ մեթոդների ու տեխնոլոգիաների:

Քափերը խոսելիս գրեթե չեն երեւում, դրա համար էլ դրանք բրեկետների հարմար այլընտըրանք են համարվում նրանց համար, ովքեր իրենց գործունեության բնույթով պայմանավորված ՝ ստիպված են մշտապես հաղորդակցվել այլ մարդկանց հետ: Հենց դրա համար էլ քափերը հաճախ օգտագործում են մեծահասակ մարդկանց ատամներն ուղղելու համար, չնայած ցանկության դեպքում դրանք կարելի է կիրառել նաեւ երեխաներին բուժելու համար: Գեղագիտական կողմից բացի կա նաեւ կիրառական առավելություն. մետաղյա բրեկետների նկատմամբ հիվանդը կարող է ալերգիա ունենալ (չնայած բժիշկները հիմնականում օգտագործում են այնպիսի բրեկետներ, որոնք չեն պարունակում նիկել ու այլ պոտենցիալ ալերգեն միացություններ): Բացի դրանից բրեկետները, ի տարբերություն քափերի, երբեմն վնասում են բերանի լորձախոռոչը:

Մինչեւ վերջերս քափեր Հայաստանում գրեթե չէին կիրառվում, սակայն մոտ ապագայում այդ տեխնոլոգիան ավելի հասանելի կդառնա: Ավելին, այսօր՝ սեպտեմբեի 12-ին, Երեւանում անցել է օրթոդոնթների համար նախատեսված սեմինար՝ «easy align» ( հեշտ ուղղում) համակարգով քափերի գործածման թեմայով: Մասնագետներ Օլեգ Սուզդալցեւը ու Տատյանա Զակալատան ժամանել են Ուկրաինայից, որտեղ արդեն մի քանի տարի է կիրառվում են քափերը, նրանք վարպետության դասընթաց են անցկացրել հայ մասնագետների համար ու նրանց սովորեցրել քափերի կիրառման նրբություններն ու գաղտնիքները:

Օրթոդոնտների հայկական ասոցացիայի նախագահ Հրանտ Տեր Պողոսյանը NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քափերի ներդրումը մեծ դեր կկատարի Հայաստանում օրթոդոնտիայի զարգացման գործում ու հնարավորություն կտա օգնել ավելի շատ մարդկանց՝  հատկապես նրանց, ովքեր այս կամ այն պատճառով չեն ուզում կամ էլ չեն կարող բրեկետներ կրել: