Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում արձանարգվել էին աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր: 

Հիվանդության տեղայնացման եւ դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում:  Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միեւնույն ջրագծից ստացվող ջրից:

Ջրագծի ամբողջական ուսումնասիրման ժամանակ պարզ դարձավ, որ այն սնում է նաեւ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ եւս։ Առողջապահության նախարարության մասնագետների խմբերը Արագածոտնի մարզի այդ համայնքներում եւս հայտանբերել են  հիվանդներ, ովքեր գանգատվել  են ստամոքսաղիքային երեւույթներից: Նրանք տարբեր տարիքի են, բոլորի մոտ հիվանդությունն արտահայտված է թեթեւ ընթացքով:

Տեղում իրականացված ջրի քիմիական, եւ մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են շեղումներ, իսկ հիվանդների մոտ լաբորատոր հաստատվել է շիգելոզ (դիզենտերիա):

Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմուք է հոսպիտալացվել է 17 հիվանդ, որոնց վիճակն այսօր գնահատվում է միջին ծանրության, ունեն լավացման դրական տեղաշարժ:

Նշենք, որ «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության հետ  խստացվել է հսկողությունը խմելու ջրի ցանցի նկատմամբ՝ ապահովելով լիարժեք վարակազերծում՝ գերքլորացում:

Իրավիճակի գնահատման եւ նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել են բակային համայցեր:

Բոլոր հիվանդների տնային օջախներում իրականացվել է ախտահանում՝ կոնտակտ-կենցաղային գործոնով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Բնակչության շրջանում աղիքային վարակների կանխարգելման  հարցերի շուրջ իրականացվել է բժշկահիգիենիկ կրթում:

Համադրելով հիվանդների եւ խմելու ջրի ցանցի նմուշների լաբորատոր   հետազոտությունների, ինչպես նաեւ համաճարակաբանական վերլուծությունների տվյալները կարելի է եզրակացնել, որ հիվանդության արձանագրման պատճառը ջուրն է:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը թունավորումների բոլոր դեպքերի ժամանակ հիվանդներին տրամադրում է անհրաժեշտ դեղեր եւ բժշկական նշանակության ապրանքներ: