Հայաստանում բավական տարածված պարբերական հիվանդությունը բուժել հնարավոր չէ։ Սակայն այն հնարավոր է վերահսկել դեղամիջոցներով, ինչը զգալի կրճատում է բարդացումների եւ նոպաների զարգացման ռիսկը։

Այն մասին, թե ինչպես են բուժում պարբերական հիվանդությունը, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են «Արաբկիր» բուժկենտրոնի մանկական պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի ղեկավար Գայանե Ամալյանը եւ նույն կենտրոնի դիսպանսերի համակարգող Նունե Մկրտչյանը։

Պարբերական հիվանդությունը բուժում են միայն միզաթթվի փոխանակության վրա ազդող դեղորայքով՝ կոլխիցինով, որը հիվանդները 2003թ.-ից ստանում են համակարգված ծրագրի շրջանակներում. երեխաները դեղամիջոցը ստանում են մանկական պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնում, իսկ մեծահասակները՝ գրանցման վայրի պոլիկլինիկայում։

Մասնագետների խոսքով՝ Հայաստանում որոշ հիվանդներ չգիտես ինչու վախենում են կոլխիցին ընդունել։ Սակայն այդ վախն անհիմն է, քանի որ դեղամիջոցը իրականում լրիվ անվնաս է եւ որպես կանոն կողմնակի հետեւանքներ չի ունենում, եթե իհարկե բժիշկը ճիշտ չափաբաժին է նշանակում, իսկ հիվանդը խստորեն հետեւում է նշանակումներին։ Շատ կարեւոր է, որ հիվանդը բաց չթողնի անգամ մեկ ընդունում։

Գայանե Ամալյանի խոսքով կոլխիիցին թույլատրվում է ընդունել նաեւ հղի կանանց եւ կերակրող մայրերին, ինչը օգնում է խուսափել բարդացումներից եւ նորմալ տանել հղիությունը։

Ցավոք, ժամանակակից գիտությունը չի կարող մարմնից հանել պարբերական հիվանդության զարգացման համար պատասխանատու գենը, ուստի հիվանդությունն ամբողջովին բուժել ամեն դեպքում հնարավոր չէ։ Սակայն բուժումը թույլ է տալիս վերահսկել հիվանդությունը եւ խուսափել այն բարդացումներից, որոնք հիվանդներին հաշմանդամ են դարձնում կամ մահվան պատճառ դառնում (երիկամների աշխատանքի կանգ եւ այլ բարդացումներ): Ավելին՝ բուժումը բարելավում է նրանց կենսամակարդակը եւ հնարավորություն տալիս աշխատել, սպորտով զբաղվել, երեխաներ ունենալ եւ ապրել այնպես, ինչպես ցանկանում են։