Աշխարհում առաջին անգամ քաղցկեղով հիվանդին 3D տպիչով տպած կողեր եւ կրծոսկր են տեղադրել։ Այս հեղափոխական վիրահատության համար միավորվել են իսպանացի վիրաբույժներն ու ավստրալացի գիտնականները։

Կրծքավանդակի սարկոմա ունեցող 54-ամյա իսպանացու կողերի եւ կրծոսկրի մի մասը հեռացրել էին հսկայական ուռուցքի պատճառով։ Սակայն կողերը հարթ մետաղական թիթեղով փոխարինելու որոշման փոխարեն Սալամանկայի համալսարանի հիվանդանոցի վիրաբույժները Ավստրալիայի Anatomics ընկերությանը խնդրել էին տիտանից 3D նմուշ պատրաստել։

Մասնագետների թիմը սքանավորել է հիվանդի կրծքավանդակը եւ ստացված տվյալներով կմախքի այդ հատվածի համար CSIRO գիտական գործակալության տրամադրած 3D  տպիչի շնորհիվ անհատական կողեր մշակել։

«Իմպլանտը պետք էր պատրաստել 3D տպիչով, քանի որ դա հնարավորություն էր տալիս կողերը պատրաստել ճիշտ եւ ճիշտ հիվանդի չափերով։ Ավանդական ճանապարհով գրեթե անհնար է պատրաստել իմպլանտ, որը իդեալական կհամապատասխանի մարդու մարմնի չափերին»,- նշել է CSIRO-ի ղեկավար Ալեքս Քինգսբերին։

Աննախադեպ վիրահատությունից անցել է 2 շաբաթ։ Բժիշկներն ասում են, որ այն բարեհաջող է ընթացել, եւ հիվանդն արդեն ապաքինվում է։