Շաքարախտով հայ հիվանդների կողմից այդքան սիրված Diabeton MR (Servie ընկերության արտադրության) եւ Amoril М (Sanofi Aventis ընկերության արտդրաություն) դեղահաբերը, ամենայն հավանականությամբ, այլեւս չեն վերադառնա մեր պոլիկլինիկաներ (դրանց արդեն մեկ տարի է փոխարինում են ավելի էժան հնդկական Diazon MR-ն ու Diamar M-ը): Դա առավել եւս արդիական է դառնում առողջապահության ոլորտում հայ-հնդկանան հարաբերությունների ակտիվացման լույսի ներքո: Բացի դրանից, համաձայն վերջին տեղեկությունների, քաղաքի որոշ պոլիկլինիկաներում հնդկական արտադրության Diamar M դեղամիջոցը փոխարինվել է հավանաբար ավելի էժան հայկական արտադրության «Դինգա» դեղով (Արփիմեդ դեղագործական ընկերության արտադրություն): Բայց սա արդեն ուրիշ պատմություն է:
Վերադառնանք սրտաճմլիկ հնդկական «կինոյին» եվրոպական սուբտիտրերով: Մեր հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Servie ընկերությունը, փորձելով վերադարձնել հայկական շուկան, իջեցրել է իր դեղամիջոցի գինը, բայց, այնուամենայնիվ, մերժվել է նախարարության կողմից, այդ տեղեկատվությանը չտիրապետող նախարարը պատասխանել է, որ նման բան չի կարող լինել, եւ , եթե դեղամիջոցն առաջարկվեր հնդկական Diazon MR-ի գնով կամ ավելի էժան, ապա այն միանշանակ ձեռք կբերվեր: Այսպիսով, նախարարությունում դեղամիջոցների ցածր գինն ավելի բարձր արժեք ունի քան հիվանդների առողջությունը: «Դա բնական է, որ մենք ընտրում ենք ավելի էժան դեղերը։ Իսկ դուք կարծում ե՞ք, որ այլ կերպ պետք է լիներ»,- հռետորական հարց է հնչեցրել նախարարը, հավելելով. «Ինչպե՞ս կարող է նախարարը վատ դեղ ցանկանալ հիվանդի համար: Մի՛ կարծեք, թե դրա մեջ անձնական շահ կա: Հակառակը՝ մենք շահագրգռված ենք, որ մեր աշխատանքը տեսանելի լինի նաեւ այստեղ...»:
Առողջապահության նախարարը վստահ է, որ ներկայումս պոլիկլինիկաներում օգտագործվող հնդկական դեղամիջոցները ոչնչով չեն զիջում եվրոպականներին: «Ես կանչել եմ փոխնախարարին, հանրապետության եւ քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգներին, եւ երկար ժամանակ այս բնագավառում հիվանդների հետ աշխատող մասնագետներին: Մամուլում հայտնված հնդկական դեղամիջոցների ցածր որակին վերաբերող հոդվածներից հետո ես նրանց հանձնարարել եմ պարզել այդ խնդիրը՝ նրանց առջեւ դնելով լրագրողների բարձրացրած երեք հարց. արդյո՞ք դրանց օգտագործման ընթացքում ավելացել է ինսուլինակախյալների թիվը, ուն՞ի այս դեղամիջոցը կողմանակի ազդեցություններ եւ արդյոք այս դեղամիջոցները ըստ կարգի գրանցաված են մեր պետությունում», - ասել է նախարարը, խոսելով հնդկական դեղամիջոցների անորակության մասին մամուլի վերջին հրապարակումներից:
Ինչպես տեղեկացրել են պարոն նախարարին իր աշխատակիցները, հիվանդների ինսուլինակախյալությունը ավելացել է տարբեր պատճառներով, այդ թվում նոր հիվանդների բացահայտման: Հնդկական դեղերը փորձարկվել է Հայաստանի համապատասխան լաբորատորիաներում (որտեղ, ի դեպ, Դումանյանը հրավիրում է լրագրողներին որպես վկաների) եւ ունի բավականին տպավորիչ դոսյե։
Ինչ վերաբերում է հնդկական դեղամիջոցի մեջ պարունակվող ակտիվ նյութին, ապա այն նույնն է, ինչ եվրոպական արտադրության մյուս նմանատիպ հաբերում: «Ոչ մի շեղում չկա: Եւ ոչ մի հիվանդի մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել»,- վստահեցրել է նախարարը:
Ամենից շատ տպավորիչ էր, իհարկե, նախարարի «անառարկելի» հայտարարությունը կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Դժվար թե նա չգիտի, որ անգամ առաջին հայացքից ամենաանմեղ թվացող «Ասկոֆենը» կարող է անկանխատեսելի հակազդեցություն առաջացնել մարդու մոտ: Ուղղակի, չկա բողոք նախարարին, չկա խնդիր:
Բայց տարօրինակ չէ՞, որ բազմաթիվ խմբագրություններում գանգատվող հիվանդները շրջանցում են նախարարությունը: Այն նկատառմանը, թե նրանք չեն ուզում հարվածի տակ դնել իրենց բժիշկներին, ովքեր չեն հանդգնում ընդդիմանալ իրենց ղեկավարությանը, պատասխանը նույնը եղավ. «Չկա պաշտոնական բողոք՝ չկա խնդիր»:
Նախարարը նաեւ իր վարկածը հայտնեց, համաձայն որի դա մերժված դեղագործական ընկերությունների սեւ գործն է։ «Հայաստանում աշխատող եվրոպական ընկերություններն իրենք են նման տեղեկություններ տարածում, ընդ որում նոր գնումներից առաջ: Հնդկական ընկերության հետ մենք պայմանագիր ենք կնքել դեռեւս մեկ տարի առաջ, բայց աղմուկն այս ամենի շուրջ բարձրացել է, չգիտես ինչու, հիմա»,- ասել է նա (ի դեպ նշեք, որ նման բնույթի տեղեկություններ հայտնվել են նաեւ ավելի վաղ): Դերենիկ Դումանյանն որպես իր խոսքի ապացույց հիշեցրել է անցյալ տարի տեղի ունեցած մի դեպք: Նախարարության կողմից Օլանզապին դեղամիջոցը ձեռք բերելու ժամանակ մի ընկերությանը նախըտնրել էին մեկ այլ ընկերություն՝ եվրոպական: Դեղամիջոցները դեռեւս չէին ներկրվել եւ բաժանվել պոլիկլինիկաներին, բայց նախարարություն բողոքներ եկան մի խումբ մարդկանց կողմից, ովքեր դժգոհություն էին հայտնում նոր դեղամիջոցի անարդյունավետությունից: Ուրիշ դեղորայք նշանակելու առաջարկը հայրենասեր բանագնացները մերժել էին, ասելով. « Ո՛չ, թող բոլորինը փոխեն»: Հետագայում բողոքողները խոստովանել էին, որ ուղարկված են եղել տենդերում պարտված ընկերությունների կողմից...
Այդուհանդերձ, այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավը բողոքողների դեղամիջոցը փոխելու նախարարի առաջարկն էր։ Գուցե իսկապես, նրանք, ում Diazon MR չի օգնում եւ ով ալերգիա ունի այս դեղամիջոցի հանդեպ, նախարարություն նեկայացնեն բժշկի կողմից հաստատված համապատասխան թուղթ, եւ ստանան իրենց Դիաբետոնի չափաբաժինը, գոնե սկզբնական շրջանում։ Առավել եւս, որ նման նախադեպ արդեն եղել է Ոստիկանության պոլիկլինիկայում: Թեպետ, ինչ-որ բան հուշում է, որ դժվար թե ամբուլատոր ծառայությունների բժիշկները համարձակություն ունենան նման «վտանգավոր փաստաթուղթ» դուրս գրել: Մնում է մի բան , պարոնայք դժգոհ դիաբետիկներ. վերցրեք ձեր առողջությանը չօգնող դեղամիջոցները եւ գնացեք ուղիղ առողջապահութփյան նախարարություն, եւ զուգահեռ նաեւ խմբագրություն:
Յանա Ավչիյան






