Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում երեխաների մոտ գրանցվել է դիզենտերիայի չորս նոր դեպք: Բոլոր երեխաները հիմա գտնվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին հայտնել է վարակաբան Դիանա Սուքիասյանը:

Հիվանդ երեխաների վիճակը, մասնագետի խոսքով, բավարար է. «ծանր» դեպքեր այս պահին չկան: Ամենայն հավանականությամբ նրանց դուրս կգրեն 2-3 օրից:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ այդ գյուղի չորս երեխաների տեղափոխել էին այդ նույն հիվանդանոց՝ նույն ախտանիշներով, իսկ եւս 28-ը ամբուլատոր բուժում է ստացել: Բոլորի մոտ հաստատվել է դիզենտերիա ախտորոշումը: Երեկ չորսին դուրս են գրել, իսկ այսօր հիվանդանոցն ընդունել է նոր հիվանդների այդ նույն ախտորոշումով:

Ինչպես բացատրել է Դիանա Սուքիասյանը, դիզենտերիայի հիմնական պատճառը կեղտոտ ձեռքերն են ու կեղտոտ մթերքները: Հիվանդության հարուցիչները կարող են գտնվել օրինակ մրգերի ու բանջարեղենի մակերեսին, ու եթե մարդը ուտի դրանք՝ առանց ինչպես հարկն է լվանալու, ապա նրա մոտ կարող է դիզենտերիա սկսվել: Վարակվելու վտանգը բարձր է նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր զուգարանից հետո ձեռքերը լվանալու սովորություն չունեն:

Դիզենտերիայից ու այլ վարակիչ ինֆեկցիաներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս մանրակրկիտ լվանալ բոլոր մթերքները, իսկ մրգերն ու բանջարեղենը նաեւ սրբել սրբիչով: Նաեւ շատ կարեւոր է չմոռանալ լվանալ ձեռքերը օրվա ընթացքում, մանավանդ զուգարան մտնելուց հետո: