Խռուկը շնչուղիների բորբոքային հիվանդություն է, որը սովորաբար հանդիպում է 3-5 տարեկան երեխաների մոտ։ Հիվանդությունը տեւում է 5-6 օր՝ կախված նրա ընթացքի ծանրությունից, սակայն այն կարող է նաեւ հանգեցնել բարդացումների, ինչպես օրինակ թոքաբորբը կամ ականջի ինֆեկցիան։
Խռուկի հիմնական պատճառը գրիպի վիրուսն է եւ ադենավիրուսը, սակայն խռուկի պատճառ կարող են լինել նաեւ բակտերիաները։ Ինչպես նշում է Քլիվլենդի կլինիկայի մանկաբույժ Քիմբերլի Ջուլիանոն, խռուկի առաջին նախանշանները նման են մրսածության։ Ավելի ծանր դեպքերում երեխաների մոտ շնչելիս խռխոց է ի հայտ գալիս, իսկ հազը նմանվում է հաչոցի եւ տարբերվում է հազի այլ տեսակներից։
Եթե երեխայի մոտ նկատվում է ծանր շնչառություն եւ շնչելիս խռխռոց է լսվում, բժիշկ Ջուլիանոն խորհուրդ է տալիս երեխային տանել լոգասենյակ, փակել դուռը, միացնել տաք ջուրը, որպեսզի սենյակում տաք գոլորշի առաջանա։ Երեխայի համար օգտակար է խոնավ օդը շնչել. դա հեշտացնում է շնչառությունը։ Բժիշկը խորհուրդ է տալիս նաեւ երեխային փողոց հանել, եթե այնտեղ ցուրտ է կամ դեմքով կանգնեցնել բաց սառցարանի դիմաց։
Սակայն եթե այս գործողությունները ցանկալի արդյունք չեն տալիս, եւ երեխայի շնչառությունը ծանր է մնում, անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ շնչառական խնդիրները կարող են հանգեցնել այլ լուրջ բարդացումների։
Իսկ ահա հազի եւ մրսածության դեմ առանց դեղատոմսի վաճառվող միջոցները երեխային տալ մասնագետը խորհուրդ չի տալիս։ Նրա խոսքով՝ այդ դեղամիջոցները շատ լուրջ կողմնակի ազդեցություն են թողնում, իսկ օգուտը նրանցից նույնն է, ինչ պլացեբոյից։






