2015թ. Հայաստանում ռեկորդային թվով զանգվածային թունավորումներ են գրանցվել. թունավորումների նման քանակ վերջին տարիների ընթացքում երբեք չէր եղել։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ 2012թ. երկրում գրանցվել է զանգվածային թունավորման ընդամենը 2 դեպք, 2013թ. ոչ մի, 2014թ. գրանցվել է մեկ դեպք, իսկ 2015թ. արդեն կա 9 դեպք, որոնցից յուրաքանչյուրի պատճառով կան տասնյակ տուժածներ։ Նա այս թունավորումների պատճառը համարում է պետական կառույցների վատ աշխատանքը, որոնք պետք է իրականացնեն սննդամթերքի եւ խմելու ջրի վերահսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մթերքներին, որոնք մատակարարվում են ուսումնական հաստատություններին։
ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը նույնպես համաձայն է, որ այս տարի թունավորումները շատ են եղել։ Սակայն հետաքրքրական է, որ բոլոր դեպքերում պատճառները տարբեր են եղել. Արարատում միանշանակ սնունդն էր պատճառը, Թալինում եւ Շիրակում՝ խողովակների վատ վիճակը, ինչի պատճառով ջուրը աղտոտվել էր։ Եվս մեկ կարեւոր գործոն է շոգը, որը էապես մեծացնում է թունավորման վտանգը։ Նրա խոսքով՝ Հայաստանում այս տարվա պես շոգ վաղուց չէր եղել։
Վերջին ժամանակներս թունավորված մարդկանց վիճակը, ինչպես նշեց բժիշկ Ասոյանը, բավարար է, եւ ոչ մի ծանր դեպք չի եղել։ Նա նաեւ հույս է հայտնել, որ թունավորվածները հետագայում առողջական որեւէ բարդացումներ եւ խնդիրներ չեն ունենա, իսկ դպրոցներին եւ մանկապարտեզներին անորակ եւ փչացած ուտելիք մատակարարող անձինք կպատժվեն։






