Բժշկության մեջ ռեաբիլիտացիան բժշկական , հոգեբանական ու այլ միջոցառումների համալիր է, որն ուղղված է ֆիզիկական եւ հոգեբանական սահմանափակ հնարավորություններով, նաեւ այս կամ այն հիվանդություններից բուժված կամ բուժվող մարդկանց առողջության ու աշխատունակության վերականգնմանը։

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության Կուրորտաբանության ու ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը, ցանկացած հիվանդ միշտ անցնում է բուժման երեք փուլերով.

  • Անհապաղ օգնության ցուցաբերման փուլը, որն անհրաժեշտ է մարդու կյանքը փրկելու համար։
  • Ստացիոնար բուժման փուլը, որն անհրաժեշտ է հիվանդին վերջնականապես բուժելու համար։
  • Վերականգնողական փուլը, որն օգնում է օրգանիզմը դուրս բերել հիվանդ վիճակից ու այն նորից առողջ դարձնել։

Այսինքն անկախ նրանից, թե մարդն ինչ հիվանդություն կամ խնդիր ունի (այրվածքից սկսած մինչեւ սրտի նոպա) բժիշկներն առաջին հերթին անում են հնարավոր ամեն ինչ՝ որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա,  հետո սկսում են բուժել հիվանդությունը , որից հետո իրականացնում են ռեաբիլիտացիոն միջոցառոմներ , այսինքն օգնում են նրան վերականգնվել ու վերադառնալ առողջ կյանքի։

«Եթե անհապաղ օգնություն կարող է փրկել հիվանդի կյանքը, ապա ռեաբիլիտացիան օգնում է կանխել նրա հաշմանդամությունը ու բարձրացնել հետագա կյանքի որակը», – նշեց Բենիկ Հարությունյանը։

Բուժման բոլոր երեք փուլերը, նրա խոսքով , անհրաժեշտ են անխտիր բոլոր հիվանդությունների համար՝ միայն անհրաժեշտության աստիճանները ու ռեաբիլիտացիայի համար օգտագործվող մոտեցումներն են տարբերվում։

Հայաստանում ռեաբիլիտացիան հիմնականում կատարվում է սրտանոթային հիվանդությունների, հենաշարժային ապարատի՝ թե բնածին, թե ձեռք բերովի հիվանդությունների, ինչպես նաեւ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ու պաթոլոգիաների դեպքում։ Հիվանդներին սովորեցնում են քայլել, ճիշտ կենսակերպ վարել ու կյանքի առավելագույն որակ ապահովել իրենց հիվանդությունների պայմաններում։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում մեկնարկել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» երկօրյա միջազգային գիտաժողովը։