2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Երեւանի շտապբուժօգնության ծառայությունը սպասարկել է 158 999 կանչ, ինչը 6440-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Շտապբուժօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոց է տեղափոխվել 31 453 պացիենտ, ինչը 2404-ով ավելի է 2014 թվականի համեմատ: Մանկական կանչերի թիվը նույնպես աճել է եւ կազմել 16901, ինչը 6140-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Հիվանդանոց է տեղափոխվել 6098 երեխա՝ 451-ով ավելի, քան 2014 թվականին:
Հետաքրքիր է նաեւ, որ այս տարվա հունվար, փետրվար եւ հունիս ամիսներին ավելի քիչ կանչերի քանակ է արձանագրվել, քան այլ ամիսներին:
Ինչպես նշեց Թագուհի Ստեձանյանը, շտապօգնության կանչերում, ինչպես միշտ, գերակշռում են սիրտանոթային հիվանդություններն ու ճնշման տատանումները, ապա նյարդային խնդիրները, սուր շնչառական խնդիրները եւ վնասվածքները:
Ամռան ամիսներին արեւահարությունների եւ սննդային թունավորումների դեպքերով եւս շատ են եղել կանչերը, բայց հետաքրքիր է, որ սննդային թունավորումների վերաբերյալ կանչերի քանակն ավելի քիչ է եղել, քան անցյալ տարի:






