Կառավարության նոր որոշմամբ տերմինալ փուլում գտնվող մի շարք հիվանդություններով տառապող մարդիկ հնարավորություն կունենան ամբողջությամբ ստանալ իրենց կենսաթոշակային հաշվում առկա բոլոր միջոցները:

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, այս նախագիծը հիմնված է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 56-րդ հոդվածի վրա, որը սահմանում է այն դեպքերը, որոնք հիմք են, որպեսզի մարդն իրավունք ունենա իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել: Այդ հիմքերը երեքն են, եւ դրանցից երկուսը կապված են մարդու առողջական վիճակի հետ:

Այժմ մասնագետները հստակեցրել են այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացին կարող է օգտվել այդ օրենքից եւ ստանալ իր կենսաթոշակային հաշվի վրա գտնվող ողջ գումարը, նույնիսկ եթե նրա 63 տարեկանը դեռ չի լրացել: Ավելին, նույնիսկ երբ քաղաքացին արդեն ծրագրային ձեւով կենսաթոշակ է ստանում, նա կարող է այս որոշման շրջանակում իր հաշվի վրա մնացած ողջ գումարը միանգամից ստանալ:

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, հիվանդությունների ցանկը կազմելիս մասնագետները հիմնվել են հիվանդությունների միջազգային դասակարգչի ադապտացված տարբերակի վրա: Ցանկը ներառում է սիրտ-անոթային, երիկամային, նյարդային եւ ներզատական համակարգի՝ տերմինալ փուլում գտնվող հիվանդությունները, տերմինալ փուլում գտնվող չարորակ նորագոյացությունները, տուբերկուլոզի վերջին փուլը եւ այլն, այսինքն, բոլոր այն հիվանդությունները, որոնց դեպքում քաղաքացու առողջանալու հավանականությունը գրեթե զրո է:

Այս նախագիծն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում, երբ հստակեցվեն կենսաթոշակային գումարը միանվագ ստանալու ընթացակարգերը:

Ըստ նախնական տվյալների՝ ցանկում ներառված հիվանդությամբ տառապող քաղաքացին պետք է դիմի Հայաստանի Առողջապահության նախարարություն եւ 3-5 օրերի ընթացքում ստանա փորձագիտական եզրակացություն, որը կհաստատի մարդու հիվանդությունը: Ապա նա պետք է դիմի ռեեստր, ներկայացնի անձը հաստատող փաստաթղթեր եւ ԱՆ-ի եզրակացությունը: 10 օրվա ընթացքում ռեեստրը պարտավորվում է մարել նրա հաշվին առկա բոլոր միջոցները եւ միանվագ վերադարձնել նրան գումարը: Եթե ժամկետը խախտվի, ամեն օրվա ուշացման համար տուգանք է վճարվելու՝ գումարի 0.01 տոկոսի չափով: