Թալին քաղաքի բուժկենտրոն են ընդունվել դիզենտերիայի ախտանիշներով եւս երեք երեխա: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է բուժկենտրոնի ղեկավար Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, երեխաները, որոնք 12-13 տարեկան են, երեկ են հիվանդանոց ընդունվել, ու նրանց վիճակը միջին ծանրության էր: Հիմա բժիշկները նրանց վիճակը գնահատում են որպես բավարար: Ինչպես նշել է Արմեն Խաչատրյանը, բոլոր երեք դեպքերն իրար հետ բացարձակապես կապակցված չեն . երեխաները ապրել են տարբեր տեղերում ու նրանց տները իրարից հեռու են: Սա եւս մեկ անգամ հաստատում է այն ենթադրությունը, որ այդ մարզերում զանգվածային թունավորումների պատճառը ոչ թե սնունդն է, այլ ջուրը:

Այս պահին բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում 13 հիվանդ կա ՝ աղիքային ինֆեկցիայով:

Հիշեցնենք, որ 2015 թ. Հայաստանում գրանցվել է զանգվածային թունավորումների ռեկորդային քանակություն: Շիրակի ու Արագածոտնի մարզերի հիվանդների մոտ բացահայտվել է շիգելեզ (դիզենտերիա), իսկ մասնագետները վարակի աղբյուր են անվանել ջուրը:

Հիշեցնենք նաեւ, որ սա Թալինում դիզենտերիայի առաջին բռնկումը չէ . հունիսին եւս մեկ բռնկում է եղել 10-11 տարեկան երեխաների շրջանում: