Սեպտեմբերի 16-ին «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ Մասիսից Երեւանի ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 4-ամյա Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում է ստանալ հակաթունային թերապիայի կուրս, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Այստեղ է բուժվում նաեւ պատահաբար խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռը, ով արդեն ապաքինվել է եւ պատրաստվում է դուրսգրման:
Գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը եւ կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը նախարար Արմեն Մուրադյանին, ով այցելել էր հիվանդանոց, ներկայացրեցին փոքրիկների առողջական վիճակը, բուժման մանրամասները:
Նշվեց, որ վերջին տարիներին ավելացել է թունաբանության եւ մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացողների թիվը: Նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է կենցաղային բնույթի թունավորումներով հիվանդների թիվը։ 2014թ. արձանագրվել է շուրջ 600 նման դեպք։ Բժիշկների խոսքով` դա հիմնականում ծնողների անուշադրությամբ հետեւանք է:
Ծնողների հետ զրույցում նախարարը հորդորեց ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել երեխաների առողջության պահպանմանը եւ հնարավորինս խուսափել անուշադրության պատճառով ծագող կենցաղային թունավորումներից, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ թողնել:
Մասնագետները հորդորում են ծնողներին մեծ ուշադրություն դարձնել քիմիական նյութերի, դեղերի պահպանման պայմաններին: Դրանք պահել երեխաների համար անհասանելի տեղերում, ինչպես նաեւ վտանգ ներկայացնող ըմպելիքները պահել հատուկ, պիտակավորված փակ տարաներում` երեխաների տեսադաշտից հեռու:






